Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 30
— Ինքս, իհարկե, չգիտեմ, սակայն գիտեմ, թե ո՞ւմից կարելի է
իմանալ։
— Ումի՞ց,— հարցրեց արքան էլ ավելի ահագնացող
զարմանքով։
— Արարչից. հնարավոր չէ, որ նա ելքը չիմանա։
— Այո՛,— հառաչելով համաձայնեց արքան,— բայց մի՞թե
կարելի է խոսել նրա հետ հենց այդպես՝ դեմք առ դեմք։
— Կարելի է, եթե ինքդ էլ դեմք ունես։
Այս ասելով՝ Շահաբը ելավ տեղից ու գնաց դեպի խորանը։
Արքան ոտքի կանգնեց ու մուտքի մոտից հետևում էր նրան։
Շահաբը, անըմբռնելի ինչ-որ բառեր արտասանելով, կանգնեց
որմնախորշի առջև, ապա, ձեռքերն աղեղի նման վեր
պարզելով, անշարժացավ։ Հետո արտաբերեց մի տեսակ
այլուրային ձայնով՝
— Արամազդն ասում է. ես արարեցի Միհրին, որպեսզի նրան
ինձ համարժեք զոհ մատուցվի ու պաշտվի։ Արամազդի որդու
կրակը աջակցում է նրանց, որոնք պայմանապահ են և չեն
ստում Միհրին։ Փառաբանում եմ լայնածավալ արոտավայրեր
ունեցող Միհրին, արիայի երկրների պահապանին, որ այդ
երկրներում խաղաղություն ու բարեկեցություն է բերում,
դժվարությունները հարթում, երջանկություն ու հաղթանակ է
նվիրում, քանզի նա արիասիրտ քաջ է ու միշտ հարագոյ ու
մեծարման ու փառաբանման արժանի։ Դիցերի ամենահզորն է
Միհրը։ Միհրը մարդկանց բոլոր գործերն ու արարքն է
տեսնում։ Նա լսողության հազար ականջ ու տեսողության
հազար աչք ունի և երկնակամարից մարդկանց արարքի
ականատեսն է ու միշտ արթուն։ Միհրը արևի լույսն ու
ճառագայթն է։ Միհրը ճշմարտության դից է։ Ո՛վ Միհր, դու մեզ
պաշտպանի՛ր։ Ո՛վ Միհր, ահ ու սարսափի մատնի՛ր մեր
թշնամիներին, քանզի դու կարող ես նրանց ուժն ու կորովը
ոչնչացնելով՝ անճարակ դարձնել նրանց։ Մեզ, որ ճշգրիտ ու
ազնվաբար պաշտում ու փառաբանում ենք ամենագետ,