Մի քանի հազար մարդ ընկավ այդ կռվում երկու կողմերից ։ Ահա, արքա ՛, սա է եղել սիրահոժար ընդունելությունը ։
Շահաբը ձեռքերը տարակուսանքով կողք տարածեց ։ Արքան, մտքերով տարված, լուռ էր ։
— Երբ հասանք Փայտակարան, պատանիներիս, իսկ մեր թիվն արդեն չորս հարյուրն անցնում էր, մեկ անգամ էլ առաջարկեցին դառնալ եկեղեցու սպասավորներ ։ Նույն պատասխանը ստանալով ՝ մեզ բանտեցին ։ Մի օր ես հաջողեցրի փախչել ։ Այնտեղից ծածուկ եկա Գառնի, կանգուն մնացած ու ինձ հարազատ միակ տաճարը. միայն այստեղ ես ինձ կարող էի հայ զգալ ։ Դիտավորյալ ի ծնե խև ձևացա, որպեսզի վանականները չհետաքրքրվեն իմ անցյալով ։ Դա յոթանասուն տարի առաջ էր ։
Շահաբն ավարտեց պատումը ։
— Ամեն իրիկուն, արքա ՛, գալիս եմ այստեղ, կարգի բերում տաճարը, խոսում իմ դիցերի հետ ։
Երկար ու անխաթար լռություն տիրեց ։ Արքան ծանր մտորումների մեջ էր. Շահաբից լսածն անսպասելի էր իր համար, ու նրա ներսում կռիվ էր գնում հին ու նոր պատկերացումների միջև ։
Շահաբը, որ սիրտը բացել էր, աննկարագրելի մի թեթևություն էր ապրում. հեզ մի հայացքով նա լուսնին էր նայում ։
Վաղորդյան հովից սկիզբ առած ծառերի սոսափյունը կտրեց նրանց մտքերի ընթացքը ։
— Դվինում կեսգիշերին մի ձայն կանչում էր ինձ Գառնի,— ասաց արքան,— այդ դո ՞ ւ էիր ։
— Տեսա, որ տանջվում ես,— հանգիստ արձագանքեց Շահաբը ։ Արքան զարմանքից կլորացած աչքերով նայեց նրան ։— Դու ելքը գիտե ՞ ս,— հարցրեց ։