Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 28

երազացույց, երազահան պաշտամունքի Տիր դիցի իմաստության ուսման մեհյանին և ավերել այն։ Հետո սկսեցին մեզ մոտ բերել քրմերի զավակներ ու օգնականներ Հայոց Աշխարհի տարբեր ծագերից, և մենք, իմանալով կատարվածը, սոսկում էինք։ Այդպես տեղեկացանք, որ Դարանաղյաց գավառում կործանվել է սպիտակափառ Բարշամինա դիցի մեհյանը, փշրել են Նրա արձանը և բոլոր գանձերը՝ ոսկին ու արծաթը, ավարի մատնել։ Իմացանք, որ մարդիկ, չկամենալով ուրանալ իրենց դիցերին, փախստական էին դարձել՝ ընկնելով Խաղտյաց կողմերը։ Կատարվածով չբավարարվելով՝ Գրիգորիսն արքունի զորքը տարավ Անի ամրոց՝ հայոց արքաների գերեզմանների թագավորական կայանը։ Այնտեղ նրա հրամանով կործանեցին բոլոր դիցերի հայր Զևս Արամազդ Աստծու բագինը։ Հետո կռիվներ եղան Եկեղյաց գավառում. մերոնք այստեղ մեծաթիվ զորք էին կազմել ու նեղում էին Գրիգորիսին, բայց նա, օժանդակ ուժեր խնդրելով, պաշտպանվողներին սրի քաշեց։ Ով կարող էր, փախստական դարձավ։ Գրիգորիսն ապա փշրեց Անահիտ դիցուհու ոսկե արձանը, ամբողջ վայրը քանդեց, ոսկին ու արծաթը ավարի տվեց։ Այնտեղից էլ Գայլ գետի վրայով այն կողմ անցավ ու քանդեց Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում։ Հետո նա իմացավ, որ Վահեվանյան մեհյանը դեռ անվնաս է Տարոնի երկրում և որ այն լի է ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով։ Այն ևս ավերվեց։ Մարդիկ, ովքեր կարողանում էին փախչել, գնում էին Կովկաս լեռան բնակիչների մոտ՝ հյուսիսի կողմերը՝ հուսալով, որ գուցե այնտեղ հնարավոր լինի ապրել և իրենց կամեցածը նրանց միջոցով կատարել։ Նրանց մի մասը քրմերի գլխավորությամբ և հյուսիսցիների Գեդռեհոն թագավորի օգնությամբ ետ եկան կռվելու։ Նրանք քիչ էր մնում գերեին Գրիգորիսին ու իշխաններին, երբ սրանք մնացել էին երեսուն հազար զորքով։