Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 24
մարդկանց, որոնք հսկա վեմերով երիվարներին շատ մեծ
վնասներ էին հասցնում։ Իսկ Դեմետրը, երբ տեսավ, որ
Անգեղտան իշխանը դեպի բլուրն է բարձրանում, թողեց
մնացած զորքին և նրա ետևից գնաց, մյուս զորքից շատերը
նույնպես քառատրոփ այնտեղ հասան։ Եվ երբ բարձրացան
բլուրը, միմյանց դեմ դարձյալ ճակատ կազմեցին։ Բայց
իշխանները կանգնած սպասում էին իրենց զորքերին,
որովհետև դեռևս ոչ բոլորն էին հավաքվել. չորս հազարը
Մեղտիում դեռ գերիներին էին հսկում, երեք հազարը անցել էին
Բասեն ու Հարք, իսկ մնացածներն էլ դաշտավայրում սփռված
էին։
Եվ երբ միմյանց դեմ ճակատ կազմեցին և կամենում էին արդեն
հարձակվել, երեկոն իջավ։ Ուստի հենց նույն տեղում էլ բանակ
դրին և սպասեցին լույսը բացվելուն։
Երբ լուսացավ, եկան հասան արքունի զորքերը, իսկ
Տիրակատար քաղաքից էլ մի խումբ՝ յոթ հարյուր հոգի, եկան
քրմերին օգնության։ Ահա, երբ եկան և երկու կողմն էլ գուպար
կազմեցին, քրմական զորքը վեց հազար ինը հարյուր
քառասունվեց հոգի եղավ, իսկ իշխաններինը յոթ հազար
ութսուն հոգի։ Այնժամ հնչեցին պատերազմի փողերը և բոլոր
կողմերից միմյանց վրա հարձակվեցին։ Սկզբում արքունի
զորքը հաղթում էր քրմերին։ Բայց Հաշտենքի իշխանը, որ
իշխանների հետ էր, իր յոթ հարյուր զինվորներով անջատվեց
ու անցավ քրմերի կողմը և սկսեց կռվել իշխանների դեմ։ Այդ
բանը տեսնելով՝ արքունի զորքերը հուսալքվեցին, որովհետև
նա այնքան ուժեղ, կորովի և քաջ պատերազմող էր, որ բոլոր
իշխանները դողում էին նրանից։ Եվ նա անխնա սկսեց կոտորել
ու արյուն հեղել, մինչև որ ամբողջ զորքը թախանձագին
աղաղակներով Սյունյաց իշխանին դիմեց։ Սա հարձակվելով
Հաշտենքի իշխանի վրա՝ մուրճով հարվածեց նրա
սաղավարտին, ապա զորքից անջատելով՝ փախցրեց նրան
դեպի արևելյան կողմի լեռը, այստեղից էլ քշեց նրան դեպի
Իննակնյան վայրը, հասնելով ցած գլորեց երիվարից, իջավ,
կտրեց գլուխը և մարմինը գահավեժ արեց։ Անգեղտան իշխանն