Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 22
հարյուր հոգի վերցնելով, բարձրացել էր հանդիպակաց լեռան
վրա ու այնտեղ սպասում էր օգնական զորքերի ժամանելուն։
Գրիգորիսն Արծրունյաց, Անձևացյաց և Անգեղտան իշխանների
փոքրաթիվ զինյալներով՝ ընդամենը երեք հարյուր մարդ, ետ
թողնելով արքայական զորքը, բարձրացավ նույն բլուրն ի վեր,
որտեղ որ Արձանն էր թաքնված։ Նրանք գնում էին անհոգ և
ոչինչ կասկած չունեին։
Եվ երբ մոտ էին բարձունքի ելման տեղին, հանկարծակի առաջ
անցան Արձանն ու Դեմետրը, հնչեցրին պատերազմի փողերը և
խիզախորեն հարձակվեցին նրանց վրա։ Այս բանը տեսնելով՝
իշխաններն առաջ նետվեցին, երիվարները սկսեցին վրնջալ, և
պատերազմը բորբոքվեց։ Գրիգորիսին իր ընկերների հետ ետ
փախցրին Ողական ամրոց, որ չբռնվեն նրանք հանկարծ։
Տեղացիներն ուզեցին փակել Գրիգորիսի ճանապարհը,
հետապնդեցին նրանց, իսկ նրանք, հեծնելով ձիերը, բոլորը
փախստական գնացին մինչև Ողական և հետապնդողներից
առաջ մտան ամրոցը։ Գրիգորիսը ճարահատյալ գիշերը
գաղտնի սուրհանդակ ուղարկեց Անգեղտան իշխանի մոտ և
բացատրեց իր վիճակը և գրով տեղեկացրեց նրան իրերի
դրությունը։
Անգեղտան իշխանը ընտիր սուսերավորներից չորս հազար
զինվոր ուղարկեց Ապահունիքի իշխանի գլխավորությամբ,
որոնք շուտափույթ եկան, անցան գետի մյուս կողմը և երեք
օրվա ընթացքում գրավեցին քաղաքներն ու շինությունները,
ավերեցին, պարիսպները հիմնահատակ կործանեցին։ Եվ
գերված մարդկանց էլ բերին այնտեղ, անցկացրին իրենց մոտ։
Ապա իշխանները բարձրացան բլուրը և տեսան, որ Արձանն
ընդամենը չորս հարյուր մարդ ունի։ Բայց Արձանը
հանկարծակի հարձակվեց իշխանների վրա ու նրանց զորքերին
փախուստի մատնեց։ Մնացած զորքերը, երբ լսեցին կռվի բոթը,
աճապարեցին բոլորը բլրի գագաթը հասնել։ Այնժամ Արձանն
առաջ գալով սկսեց անարգել իշխաններին և ասաց.