Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 20
քանզի պատգամում են. Մի՛ նվաստացիր՝ անգամ քո Աստծո
առաջ։
Արքային զարմանք համակեց, այնքան խոր, որ արագ
շարժումներով ելավ տեղից ու մոտեցավ ծերունուն։
— Շահա՞բ, դո՞ւ, ի՞նչ է, արդեն կարողանո՞ւմ ես խոսել,—
հարցրեց՝ աչքերին չհավատալով։
— Արքա՛, ես խոսել կարողանում եմ ծնված օրվանից,—
պատասխանեց Շահաբն ու խոնարհվեց արքայի առաջ։
— Այդ դեպքում ինչո՞ւ էիր համր ձևանում,— արքային պարզ
չէր նրա վարքը։
— Որպեսզի ինձ հարցեր չտան, արքա՛։
— Այդ ի՞նչ հարցեր են, որոնցից զգուշանալով՝ հարկադրված ես
եղել լռել մի ողջ կյանք,— արքայի զարմանքը չէր անցնում,— և
ումի՞ց էիր զգուշանում։
— Վանականներից, արքա՛։ Չէի ցանկանում, որ նրանք պեղեին
իմ կյանքը։
Շահաբն զգուշավորությամբ շուրջը նայեց։
Արքան լուսնի լույսի տակ ուշադիր զննեց ծերունու դեմքն ու
նրա ծալ-ծալ խորշոմների մեջ խոր իմաստնության ակնհայտ
դրոշմ տեսավ։ Եվ հարցրեց.
— Ո՞վ ես դու, Շահա՛բ։
Ծերունին խոր հոգոց հանեց ու դանդաղ քայլերով ելավ
խորանից։ Նա ծանրորեն նստեց աստիճաններին։
— Ես Գիսանեի տաճարի քրմական սան եմ եղել...
— Գիսանեի տաճարի՞,— արքան չէր հավատում ունկերին։—
Դու եկե՞լ ես Պալունյաց երկրից։ Դու տեսե՞լ ես, թե ինչպե՞ս են
ծես անում քրմերը...։
Արքան առաջ եկավ ու նստեց Շահաբի կողքին. նրա սիրտը
տրոփում էր անսպասելի հանդիպումից։