Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 18
— Նժույգ պատրաստիր,— ասաց արքան ոչ տիրական
ձայնով,— և ազատի հանդերձներ՝ երկուսիս համար. հեռու ենք
գնալու։ Ու թող Դվինում ոչ ոք չիմանա այդ մասին։
Գլուխ չորրորդ
Դուրս գալով հյուսիսային դարպասից՝ նրանք մթան քողի տակ
ելան բլրալանջն ի վեր ու քառորդ ժամից խորացան Խոսրով
թագավորի հիմնած անտառի մեջ։ Այդտեղից նրանք թեքվեցին
դեպի արևմուտք և բռնեցին Գառնի տանող ճամփան։
«Ինչո՞ւ այս ուշ ժամին և ի՞նչ առիթով»,— հարցնում էր Գնել
իշխանն ինք իրեն, սակայն պատասխան չէր գտնում ու նաև չէր
համարձակվում այդ մասին հարցնել իրեն՝ թագավորին։ Իսկ
արքան ճանապարհի ողջ ընթացքում լուռ էր, տարված
մտքերով։
Օրը դեռ չէր սկսվել, երբ ձորալանջը հաղթահարելով, նրանք
հայտնվեցին ամրոցի դարպասների մոտ։
Արքան Գնել իշխանին ուղարկեց հանգստանալու, իսկ ինքը
մեն միայնակ, խիտ ծառուղով գնաց դեպի տաճարը՝ հետևելով,
որպեսզի ոչ ոք չլինի մերձակայքում։ Նա ակնածանքով ելավ
տաճարի աստիճաններով, թիկնոցը գցեց ուսերից,
ծածկահարթակում անշարժացավ մի պահ, ասես մտքերն էր
ժողովում, ապա ներս անցավ զգույշ քայլերով։ Շրջանցեց ջրով
լի ուղղանկյունաձև հորանը և կանգնեց որմնախորշի առջև։
Նրա դիմաց, պատի վրա բիրտ գործիքի հարվածներից
քերծվածքների հնացած հետքեր կային. ակնհայտ էր, որ
այնտեղից ուժով ինչ որ բան էին պոկել՝ պատկեր, արձան կամ
թե որևէ խորհրդանիշ։
Նա ձեռքը դրեց սրտին ու ծնկի իջավ։
— Ձեր կանչով ես, ահա եկա Ձեր դուռը, հայո՛ց դիցեր։ Եկա՝
աղերսելու Ձեր զորակցությունը։ Սատար եղե՛ք իմ ժողովրդին՝
ազատելու իր հողն օտարից։ Ցո՛ւյց տվեք ինձ ելք՝ հանելու