Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 17
Սոսկալի տեսարաններ երևացին նրան երազում։ Մայրը
պատկերացավ պատառոտված զգեստներով ու արնաշաղախ,
կուրացված իր Տիրան պապը հայտնվեց հայացքի դեմ,
դաշունահար Խոսրով արքան երևաց, բանտված իր հայրը...
Նա քնի մեջ ցնցվեց ու վեր թռավ։
— Այս ի՞նչ չար ոգի է հալածում իմ տոհմը ահա արդեն հարյուր
տարի,— մտածեց դառնությամբ՝ գլուխն ափերի մեջ բռնած։—
Եվ մի դավ էլ ինձ չի սպասո՞ւմ արդյոք։
Նրա դեմքը կնճռոտվեց ջղաձգումից։
Անկարող էր այլևս քնել։
Ծանր մտքերով իրեն չտանջելու համար քայլեց պատշգամբի
երկարությամբ։
Անձրև էր մաղում, երբեմն հեռու-հեռվում կայծակն էր թրատում
մռայլ երկնակամարը, և արքայական պարտեզի թաց ու ողորկ
արձանները պսպղում էին նոճիների սաղարթների մեջ խճճված
ցոլքերից։
Արքային թվաց, թե մի ձայն հասավ իրեն։
Շուրջը նայեց։ Ոչ ոք չկար։
Ձայնը նորից լսվեց, և նրան թվաց, թե այն գալիս է իր իսկ
ներսից։ Նա անշարժացավ զարմացած ու շունչը պահած
համակ լռությամբ սպասեց ձայնի կրկնվելուն։
Այն եղավ։
Նա զանգ հնչեցրեց արագ շարժումներով։
— Կանչի՛ր ինձ մոտ Գնել իշխանին,— ասաց զանգի վրա իրեն
մոտեցած սպասավորին։
Չնայած ուշ ժամին, արքայագնդի զորապետ Գնել իշխանը
շուտով ներս մտավ ու վարժ շարժումով գլխից առավ
փետրափնջերով զարդարուն սաղավարտը։