Բայց որտեղի ՞ ց մարդիկ և միջոցներ. արքունի գանձարանը ծախսերը հոգալ չի կարող, իսկ նախարարների մեջ սակավ են արքայական տան նվիրյալները ։ Ավելին ՝ հարավային նահանգների ավատականությունը պարսկամետ է. կա վտանգ, որ ոմանք կտրվեն Հայաստանի թագը իրենց նվիրելու Շապուհի խոստումներին ։ Իսկ Մամիկոնյաններին ու նրանց խոհակից նախարարներին թեպետ Սասաններից հեռացնում է նոր կրոնը, որի ջերմեռանդ պաշտպանն են, սակայն նրանք էլ իրականում բյուզանդական մի կուսակցություն են Հայաստանում ՝ քահանայապետական դինաստիայի գլխավորությամբ ։ Նրանք դաշնակից են իրեն, բայց չհայտարարված մի պայմանով միայն, որ թագավորական գահը հպատակեցվի քահանայապետությանը և վերջինս լինի պետության ճակատագրի կարգադրիչը թե ՛ ներսում և թե ՛ դրսում, ինչպես եղել էր Տրդատ արքայի, Խոսրով Կոտակի, իր հայր Արշակի օրոք ։ Արշակ արքայի ժամանակներում, օգտվելով երկրի խառնակ վիճակից, կաթողիկոս Ներսեսը եկեղեցուն նոր հողեր էր կցել ՝ բացելով անկելանոցներ, մենաստաններ, իջևանատներ և դրանց գոյությունն այժմ ապահովվում էր շեների վրա դրված հարկերի միջոցներով ։ Մինչդեռ այդ շեներում մարդիկ սովահար են և հույսով իրեն են նայում որպես արքայի և սպասում վիճակի փոփոխության ։ Եվ ինքը պարտավոր էր ելք գտնել դժվարին վիճակից...։
Նա հիշում էր առաջիկա ճակատամարտի մասին ու սոսկում այն տանուլ տալու մտքից. ինքն այլևս ոտքի կանգնելու հնարավորություն չէր ունենա ։ Ջանում էր հեռու վանել իրենից հոգի մաշող այդ միտքը, բայց այն պտտվում էր իր շուրջը համառ մեղվապարսի պես ։
Իրավիճակի խառնաշփոթությունը վհատությամբ էր պարուրում նրան, և բազմոցի մեջ կծկված ՝ կամենում էր անէանալ, վերանալ աշխարհից ։
Ուժասպառությունից քուն համակեց նրան ։