Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 15

— Դե՛, եթե խորանանք պատմության մեջ, արքա, ապա այդ արատը նա չի բերել,— ուղղեց Բաթ իշխանը։ Արքան բացատրության սպասող հայացքով նայեց նրան։ — Անակին մոռանում ես. նա էր, որ խաբեությամբ վստահություն շահելով՝ ոճիր գործեց։ Եվ կարծում եմ Գրիգորիսը բարեխոսեց Տրդատ արքային Տարոն աշխարհը տալ Մամգոնին, որպեսզի իր հոր պատմությունը զազիրների մեջ միակը չլինի։ Գլուխ երրորդ Խավարին տարփալիորեն տրված թագավորական պալատի սյունազարդ պատշգամբում, որից ներս արքայի աղոտ լուսավորված ննջարանն էր, մութ բազմոցին գլխահակ մի ուրվական էր հազիվ նշմարվում։ Վահանակիր ու նիզակազեն գիշերապահներ էին երբեմն անցուդարձում ցածում՝ նոճեզր լճակների երկյուղած հայելիների վրա արտացոլեցնելով իրենց ջահերը։ Ժամանակը կարճելու համար նրանք շշուկով պատմություններ էին անում Արշակ թագավորի վաղ պատերազմների կամ Հնդկաստանում պատահած զարմանահրաշ իրադարձությունների մասին, կատակում ու ծիծաղում կիսաձայն, իսկ այդ նույն ժամանակ Հայոց Աշխարհի տիրակալը գլուխն առած ափերի մեջ, տրվել էր ծանր խոհերին։ Վերադառնալով Տարսոնից,— իսկ ինքն այնտեղ մնացել էր չորս տարի,— չէր պատկերացում, թե երկիրը կգտնի նման վիճակում. խաբեությամբ իր հոր գերեվարումից հետո պարսիկներն ավերել էին անպաշտպան մնացած շեները և մարդկանց թողել առանց ապրուստի. հարավային գավառների մի մասը Շապուհի ձեռքին է, և ավերը շարունակվում է այնտեղ. Ճորապահակ լեռնանցքում հայկական զորքեր չկան, ու հյուսիսի ժողովուրդներն այնտեղից ներխուժում են Հայոց Աշխարհ։ Զինվորներ են հարկավոր, տասնյակ հազարներով։