Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 146

ապա այդ քաղաքները թող վերադարձնի, հակառակ դեպքում մեծ պատերազմով կկռվի նրա դեմ։ — Որպիսի՜ նենգություն, որպիսի՜ կեղծիք,— երկու ձեռքով մագաղաթների փաթեթը բռնած՝ Բաթ իշխանը ջղաձգորեն սեղմեց բռունցքները և բացականչեց այնպես ուժգին, որ հեռվում կանգնած զինվորները զգաստացան ու շոշափեցին սրերը։ — Նաև կիմանաս, թե ո՞վ կարգադրեց նետահարել Հայր Մարդպետին Աշտիշատում ասած իր այս խոսքերի համար՝ «Ինչպե՞ս, այսպիսի տեղերը տվել են կանանց շորեր հագած հոգևորականներին և ոչ թե տղամարդկա՞նց։ Մենք այս տեղերը կքանդենք. այստեղ պետք է արքունի ապարանք շինել»։ Նուրծ Րան նկատեց, թե ինչպես իշխանի պարանոցի մկաններն ուռան արյան առատ հորձանքից և աչքերն արնագունեցին։ — Բայց, իշխա՛ն, ամենը դեռ չի կատարվել,— հավելեց Րան գուժ բերողի մտահոգությամբ։ Բաթ իշխանը նրան նայեց նոր հարվածի սպասող մի հայացքով։ — Բագրևանդում, իշխա՛ն, մահվանը նախորդող գիշերը մի բանագնաց եկավ արքայի մոտ ու նրան նամակներ տվեց Մերուժան Արծրունու և Վասակ Մամիկոնյանի կնիքներով, ասելով, թե դրանք պարսից աշխարհ մեկնող գաղտնի սուրհանդակներից են խլվել։ Եվ կարդալով դրանք, արքան փոթորկվեց ու նույն այդ բանագնացի հետ հրաման ուղարկեց Դվինի կայազորի պետին՝ զորաջոկատ ուղարկել Խաղտյաց երկիր դավին տրված այդ իշխաններին սպանելու պահանջով։ Արքան դեռ չէր հասցրել տեղյակ պահել քեզ այդ մասին։ Րան դադար տվեց մի պահ։ — Այդ նամակներն, իշխա՛ն, իրականում կեղծ էին և կնքվել էին գողացված մատանիներով։ Բաթ իշխանը զգաց, թե ինչպես են ծնկները ծալվում իր ծանրության տակ։