Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 145

— Ես կհանդիպեմ նրան,— ասաց իշխանը և փութով իջավ կառքից այնպիսի պատրաստակամությամբ, ասես սպասում էր օտարականի հայտնվելուն։ Կեսօր էր, և արևից շիկացած փոշին տրորելով՝ իշխանը ընդառաջ գնաց օտարականին, ով առաջապահներին իր խնդրանքը հայտնելուց հետո հեռացել էր ճանապարհից, ակնհայտորեն ցույց տալով, թե իշխանին հայտնելու հույժ կարևոր լուր ունի։ — Դո՞ւ,— ուրախ զարմանքով ասաց իշխանը,— կարծում էի, թե քեզ այլևս չեմ տեսնի։ — Գործեր կան,— արձագանքեց Րան,— որոնք չարած՝ չէի կարող գնալ։ Ապա թիկնոցի ծալքերից դուրս բերեց մագաղաթների մի փաթեթ։ — Ահա՛,— ասաց,— բոլոր այն գրությունները, որոնք փոխանցվել են Տրայանոսին՝ կայսերն ուղարկելու խնդրանքով։ Նա ինքն է ամենը կամեցել փոխանցել քեզ հեռանալուց առաջ։ Բաթ իշխանը, որ անքուն գիշերներ էր անցկացրել Տրայանոսի ակնարկները պարզելու մտատանջությունից, կարկամեց մագաղաթները տեսնելով. նա դժվարությամբ էր շնչում, ասես եթերը խտացած լիներ մի հնարքով. նա անհամբեր սպասում էր անունների բացահայտման։ Եվ դողացող ձեռքերով վերցնելով մագաղաթների փաթեթը, հազիվ էր զսպում իրեն հենց այդ պահին չքանդել քուղերը։ Րան, որ ակամա հետևում էր իշխանի դեմքի արտահայտությանը, ասաց գաղտնիք բացահատողի խորհրդավորությամբ. — Այդտեղ դու ամենը կիմանաս, իշխա՛ն, կիմանաս, թե թագավորից գաղտնի ովքեր էին գրություն ուղարկել կայսերը, թե իբր նա ամեն առիթով ասում է, որ ետ պահանջելու է Կեսարիան, Ուռհան ու նաև ուրիշ տասը քաղաքներ։ Թե իբր նա բանակը հենց դրա համար էլ զորացնում էր և ամենուր իբր հայտարարում, որ եթե Վաղեսը չի ուզում խռովություն ծագի,