Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 144

— Այդպե՛ս է,— համաձայնեց Բաթ իշխանը՝ արյունով լեցուն աչքերով նայելով նրան,— և գուցե թե հանուն արքայի պատվի հասցնեի խոցել ձեզանից գոնե մեկին, բայց ավելի մեծ մի պարտք հարկադրեց ինձ երդմնազանց լինել։ — Եվ ո՞րն է այդ պարտքը,— հարցրեց Տրայանոսը՝ իր հրամանին սպասող զինվորներին հասկացնելով հապաղել մի պահ։ — Դու, Տրայանո՛ս,— ասաց Բաթ իշխանը,— կատարեցիր քո կայսեր հրամանը, դա պարզ է. ոչ մի զորավար արքա սպանելու ինքնուրույն նպատակ չի ունենում։ Քո կայսրն է դա քեզ հրամայել՝ անշուշտ իրեն հասած լուրերից ելնելով։ Ես ահա որոշեցի չմեռնել այսօր, որպեսզի արքայիս վրեժն առնեմ այն ոջիլներից, ովքեր թունավորել են նրա անունը կայսեր մոտ ու նաև տվել քեզ երաշխիք, որ անվնաս կհեռանաս Հայոց Աշխարհից։ Տրայանոսն առժամանակ մտածեց նրա խոսքերի վրա, ապա արյունոտ սուրը մի կողմ դնելով՝ դիմեց իր զինվորներին. — Նա, որ ավարտը գիտի, թող սկիզբն էլ իմանա. դրանից մենք միայն կշահենք, ու մեր մեղքն էլ կթեթևանա։ Եվ հետո, եթե նա հաջողի ոչնչացնել ոջիլներին, դրանից երկրի քորը կպակասի։ Գլուխ տասնյոթերորդ — Բաթ իշխա՛ն, մի օտարական է ճամփին կանգ