Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 143
Պապը ոտքի ելավ և գավաթը ձեռքին բռնած՝ գուսանների
կողմն էր նայում՝ սպասելով նվագի ավարտին։ Գնել իշխանը,
ծնոտն ափին հենած ու հայացքը սեղանին, անհամբեր արքայի
խոսքին էր սպասում։ Ու մեկ էլ նա ցնցվեց անսպասելի
զրնգոցից։ Հայացքը թեքեց ու սարսռեց. անմիջապես իր կողքին՝
սեղանի վրա արքայի կտրված գլուխն էր ընկած, որից արյուն էր
հորդում առատ շիթերով։ Չէր հասցրել հասկանալ
կատարվածը, երբ արքան ընկավ սեղանին. ուրախության
գավաթի գինին խառնվեց նրա պարանոցից հոսող արյանը։
— Թիկունքի՜ց, պոռնիկի՛ տղերք. դիմացից կռվելու քաջություն
այդպես էլ չունեցա՞ք,— գոռաց Գնել իշխանն անհուն
ցասումով,— հացի վրա արյո՞ւն եք հեղում, ճիճունե՛ր...
Մի ակնթարթում Գնել իշխանը կատվի ճարպկությամբ վեր
թռավ տեղից, սուրը քաշեց և խոցեց արքային հարվածած
զինվորին։ Սա մեջքով ընկավ սպասավորների սեղանի վրա.
այն ջարդվեց նրա մարմնի ծանրության տակ ու չօգտագործված
գավաթները, արծաթյա սպասքը, մրգերով լեցուն սկահակներն
իրենց պարունակությամբ աղմուկով թափվեցին նրա վրա։ Գնել
իշխանը նետվեց երկրորդ զինվորի վրա, բայց այդ միջոցին
Տրայանոսը թիկունքից սրով հարվածեց նրան այնպես, որ նրա
գլխի սկավառակը շուռ եկավ աչքերի վրա։ Գնել իշխանն
ընկավ։
Բաթ իշխանը, որ մի փոքր ուշացումով էր նկատել արքայի
սպանվելը, այդ նույն պահին հասցրել էր արդեն ոտքի ելնել ու
սուրը մերկացնել։ Նա կամեցավ առաջ նետվել ու խոցել
Տրայանոսին, սակայն միանգամից տասնյակ նիզակներ
մեկնվեցին դեպի իրեն։
Բաթ իշխանն արձանացավ մի պահ՝ չիմանալով ինչ անել,
ապա սուրն անշտապ շարժումով դրեց սեղանին՝ իրենից
հնարավորինս հեռու, հետո նստեց գահավորակին, որից նոր էր
ելել։
— Զորապետին վայել էր կռվել հանուն արքայի ու մեռնել
հանուն նրա,— ասաց Տրայանոսը քամահրանքով։