Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 142

Տրայանոսը ոտքի ելավ. ամենքը հետևեցին նրան ։ Հայացքը դեպի վեր ՝ նա Բարձրյալին խնդրեց բարեհաճ լինել երկու երկրների, կայսեր ու արքայի, իրենց բոլորի ընտանիքների հանդեպ, թույլ չտալ ՝ կործանվեն դրանք, պաշտպանել հիվանդությունից և փորձանքից, առատություն պարգևել դաշտերին ։
Ապա մեկ րոպեի չափ բոլորը մնացին լուռ կանգնած, ափերը միմյանց սեղմած, հայացքները ՝ վեր ։
Աստվածամեծարումն ավարտված էր ։ Խնջույքը սկսվեց ։
Տանտիրոջ հյուրասիրությունն էր պատճառը, թե պերճաշուք սրահի զվարթ լուսավորությունը, ամենքն անկաշկանդ էին զգում իրենց ։
Որքան պակասում էր սափորների գինին, այնքան չքանում էր խնջույքի հանդիսավորությունը, և մեկ ժամ հետո այնպիսի աղմուկ էր սրահում, որ անհնար էր սպասավորներին որևէ բան հասկացնել ։ Գինովցած տղամարդիկ վերհիշում էին Ձիրավի կռիվը, եռանդագին քննարկում աշխարհաքաղաքական գործեր ։
Ապա Տրայանոսը դադարեց ոստրե ուտել, շուրթերը սրբեց ասեղնագործ վարշամակով ու ոտքի ելավ ։ Նրա նշանով մոտ բերին ուրախության գավաթը ՝ լիքը լցված ֆալերյան գինով ։ Ինչպես մեկնաբանեց Տրայանոսը, այն դեռ Հուլիոս Կեսարի ժամանակներում զուտ ազնվական խմիչք էր համարվում և Օգոստոսի օրոք էր դարձել հանրամատչելի այն դեպքից հետո, երբ Ակտիումի հաղթանակից անչափ ոգևորված կայսրն այդ խմիչքի հարյուր տակառ էր հանել իմպերատորական տան մառաններից ։
Տրայանոսը խմեց կայսեր ու արքայի բարեկամության համար ։ Ամենքն աղմուկով միացան նրան ։ Ապա ուրախության գավաթը մատուցեցին Պապին ։ Նույն պահին հնչեց թմբուկների ու սրինգների, քնարների ու փողերի ներդաշնակ ձայնը ՝ որպես պատիվ հայոց արքային ։