Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 141

կերպարանքով։ Հավաքածուի զարդը Մելեագրոսին և Ատալանտային պատկերող մեծադրվագ կտավն էր, որը, ինչպես ներկայացրեց ստրատելատը, վեց միլիոն սեստերցիումով գնել էր Պտղոմեոսի հետնորդներից։ Սրահն օծված էր անուշահոտ յուղերով. գավիթ նայող լուսամուտի գոգին, ծղոտահյուս զամբյուղների մեջ դաշտային ծաղկեփնջեր էին դրված։ Պատերն ու ասեղնագործ ծիրանե վարագույրները զարդարված էին մրտենու դալար շիվերով։ Երկար, հավերժահարսերի պատկերներով գինու լայնահատակ սափորներով ծանրաբեռնված սեղան էր սրահի կենտրոնում։ — Համա թե ճոխասեր են,— շշնջաց Գնել իշխանը՝ շուրջը նայելով։ — Դա էլ մի օր կկործանի նրանց,— արձագանքեց Բաթ իշխանը զուսպ։ Սրահի լուսամուտների մոտ ասպարակիր զինվորներ էին կանգնած։ — Յուրահատուկ պատիվ է,— բացատրեց Տրայանոսը,— որ գալիս է դեռ մեր թագավորների ժամանակներից։ Արքան գնահատող հայացքով զննեց լեգեոներներին։ Նոր էին տեղավորվել սեղանի շուրջ, երբ երևացին ճերմակ զգեստներ հագած սպասավորները՝ արծաթե մեծ սկուտեղներով բերելով շոգեխաշած սիրամարգ և փասիան, խորոված վիթ ու ոստրե, ցողով ծածկված մրգեր։ Նրանք գալիս էին ու գալիս՝ միմյանց հերթ չտալով, բայց անձայն, իսկ երբ սեղանները ծանրաբեռնվեցին ամենայն բարիքներով, շարվեցին գորգազարդ պատի տակ. Տրայանոսն ազատ արձակեց նրանց։ Ինը գեղանի սպասուհիներ հատուկ թասի մեջ լվացին հյուրերի ձեռքերը, ծաղկեպսակներով զարդարեցին նրանց, իսկ սեղանների սպասավորները՝ նախշազարդ կապույտ տունիկայով գեղեցկադեմ պատանիներ, գինի լցրին զորավարի նշանով։ Գուսաններ տեղավորվեցին պատերից մեկի տակ։