մրտենու դալար թփերի վրա ։ Թասաձև զույգ ավազաններից քիչ հեռու ՝ թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված օղակի կենտրոնում, հաճելիորեն խոխոջում էր քարակերտ առյուծի բաց երախից ամառային ձկնարանի մեջ թափվող ջուրը ։
Կառքը կանգ առավ ալեբաստրե սյուներով միահարկ, կամազարդ շենքի մոտ, որի գավթի ողջ պարագծով ուղղաձիգ ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ խեցե զամբյուղներ էին դրված. դրանց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ, լինոսներ, մարգարտածաղիկներ ու հիրիկներ, իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից ։ Գավթի արևելյան կողմում, դափնեվարդերի խնամքով մշակված թփերի մեջ առնված, հղկած պորփյուրից մանգաղակիր կառքերի արձաններ էին ՝ նժույգներով հանդերձ, այնպես, որ թվում էր, թե նրանք վազում են ։ Պատվո զորասյուն էր կանգնած շենքի մուտքի մոտ ։
Ընդառաջ եկած սենեկապետը խոր գլուխ տվեց ու փայտյա սանդալներով մարմարածածկ հատակին չքչքացնելով, ազնվազարմ հյուրերին ուղեկցեց ներս ։ Արքայի պահախումբը մնաց դրսում ։
Նախասրահի սպասավորներն եկվորների ուսերից առան երկար, անթև թիկնոցները ։ Հետո նումիդիացու արտաքինով վիթխարահասակ ստրուկի ուղեկցությամբ առաջացան երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված միջանցքով, որի պատերի երկայնքով ցածր պատվանդաններին արձաններ էին դրված, և հայտնվեցին ընդարձակ մի սրահում ։
Երդիկից ու լուսամուտներից ներս թափանցող օրալույսը բավարար չէր, և բազմաթիվ ջահեր էին վառվում զանգվածեղ առաստաղը պահող սյուների վրա ու անկյուններում ։ Մարմարածածկ պատերից կախված էր ոսկե շուրջառներով նկարների հարուստ հավաքածու. այստեղ կարելի էր տեսնել երկանիվ ռազմակառքին թևավոր վիշապներ լծած Տրիպտոլեմոսին, և Վիրտոսին ՝ լիազեն ամազոնուհու