Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 147

— Ո՜, ողբ,— արցունքներ և ցասում երևացին նրա աչքերում,— վաղն այդ զինվորները կհասնեն Խաղտյաց երկիր, ու ոչինչ չի փրկի իշխաններին։ Լռություն տիրեց։ Բաթ իշխանը գլուխն էր դառնությամբ տարուբերում, ապա հայացքը դարձնելով հեռանալու պատրաստ Րաին, հարցրեց՝ ձայնի մեջ անափ տրտմություն. — Եվ ի՞նչ է սպասվում մեզ այսուհետ։ Նուրծ Րան խորհեց մի պահ, ապա ասաց դառնաձայն. — Անուրախ օրեր, իշխա՛ն, անուրախ օրեր։ Մանր կրքերին տրված՝ դավադիրներն սպանեցին թագավորին, ով Աստծո կողմից քո ազգին տրված վերջին հույսն էր։ Օտարի ձեռքով նրանք դաշունահարեցին ձեր երկրի ապագան՝ չհասկանալով դա։ Օ՜, ես տեսնում եմ, Բաթ իշխա՛ն, աղետներն այն բոլոր, որոնք որպես պատիժ գալու են քո ժողովրդին։ Դուք չեք ունենա այլևս մեկ ուրիշ նման թագավոր. նա վերջինն էր, ու շուտով ձեր երկիրը կմասնատվի օտարների միջև ու միացյալ հայրենիքը երազ կմնա ձեր ժառանգների համար հազարավոր տարիներ։ Սա դեռ ամենը չէ. անթագավոր ձեր երկրում կխարազանվեն, ջլակոտոր կարվեն, խարույկների վրա կայրվեն բոլոր նրանք, ովքեր չեն մտածի կառավարողների պես։ Քաջարի մարդիկ կսպանվեն հարյուր հազարներով կամ կհեռանան երկրից, ու ազգը ձեր կապականվի։ Աստծո կողմից ձեր նախնիներին պարգևված հայրենիքը համարվի ավելորդություն, ու կքարոզեն, թե իրական հայրենիքը երկնքում է։ Ու ժողովուրդը հոտի կվերածվի։ Եվ այդժամ կգան հարավից ու արևելքից վայրի ցեղեր ու կգերեն ձեզ ու ձեր երկիրը։ Ու ստրկության տանջալից ամպը կիջնի ձեզ վրա, որ դարեր կտևի։ Եվ ձեր սերունդներն այնպես կխեղվեն, որ կխորշեք դուք նրանցից, եթե մի հրաշքով հայտնվեք նրանց մոտ։ Նրա՛նք էլ իրենց հայ կկոչեն, բայց դա ծաղր կլինի իրենց նախնիների հանդեպ։ Իրական ու ճշմարիտ հայերը սոսկալիորեն փոքրաթիվ կդառնան ու կտանջվեն ապականվածների առատությունից։ Ու երկիրը, որ դրախտավայր էր ձեր նախնիների ժամանակ,