Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 136

Նա հանկարծ այդ պահին մտաբերեց, որ քարայրում գտնվելով՝ նկատել էր, որ Շահաբի մագաղաթները պակասել են։ Այն ժամանակ ինքը կարծել էր, թե Շահաբն է իր հետ դրանց մի մասը տարել, բայց քանի որ Շահաբը քարայրից չէր հեռացել, այժմ արդեն նրան պարզ էր, որ մագաղաթներն այլ մարդ է տարել... Երեմիան սարսռեց իր իսկ հետևությունից։ — Սա դավ է,— համոզված ասաց ինքն իրեն,— որ նպատակ ունի ոչնչացնել արքային նվիրված մարդկանց։ Ու նրա միտքն ընկավ Բաթ իշխանը։ — Ո՞ւր է նա, ո՞ւր է նա. հաջորդ հարվածը նրան կգա. նա է հիմա արքայի աջ թևը։ — Եվ հիշելով, որ զորավարն ուղեկցում է արքային՝ հանգստացավ նրա համար։ — Բայց ո՞վ է այս ամենի թիկունքում,— հարցրեց Երեմիան ինքն իրեն ու պատասխանի վրա խորհելով՝ իջավ ամրոցի բակ, մի սուրհանդակ առաքեց Դվին՝ մայրաքաղաքի կայազորի պետին հորդորելով արքայագունդը բերել մարտական վիճակի ու սպասել արքայի հրամանին։ Կամեցավ մի սուրհանդակ էլ արքային ընդառաջ ուղարկել՝ տագնապալի լուրերը նրան վաղ հասցնելու համար, բայց հետո միտքը փոխեց և արագ քայլերով, գրեթե վազելով՝ գնաց դեպի ախոռատուն։ Քիչ անց նա դուրս եկավ ամրոցից ու փոշու ամպն առաջնորդելով՝ Գառնո գյուղի միջով սուրաց դեպի Բագրևանդ։ Լուսաբացին մոտ, երբ նրա ձին հոգնել էր, իսկ ինքն էլ անքնությունից դժվար էր մնում թամբի վրա, իջևանեց ճամբորդական մի հյուրատան։ Մի քանի ժամից նա կրկին ճանապարհին էր։ Կեսօրին մոտ ճաշեց մի պանդոկում ու ճամփան շարունակեց։ Մեկ ժամ էլ չէր անցել, երբ հանկարծ դող համակեց նրան։ Աներևույթ մի ձեռք ասես սեղմում էր պարանոցը՝ կամենալով