Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 137
խեղդել իրեն. նա արձակեց բոլոր ճարմանդները կրծքի վրա։
Դողը սաստկանում էր, և Երեմիան կծկվեց. ասես սառը հողմ
իջավ նրա վրա։ Նժույգից չընկնելու համար մի ձեռքով կառչեց
թամբից։ Քրտինք երևաց նրա դեմքին, որ հետո սկսեց հոսել
առվակներով։ Նա արագ-արագ շնչում էր լայն բացած բերանով՝
հուսալով, որ դա թեթևություն կբերի իրեն։
Նա դժվարանում էր այլևս մնալ թամբի վրա ու ակամա բաց
թողեց պախուրցները։ Չկառավարվող նժույգը դուրս եկավ
ճանապարհից ու արածելով խորացավ դաշտի մեջ։
Զգալով, որ կորցնում է գիտակցությունը, Երեմիան վերջին
ճիգերը գործադրեց ու ջանաց սահուն ընկնել ձիու վրայից։ Նա
պառկեց խոտերի մեջ ու գալարվելով դիրքն էր անընդհատ
փոխում, ասես մարմնի որևէ վիճակ հանգստություն կբերեր
իրեն։
Հետո ցավերը միանգամից անհետացան, ասես չէին էլ եղել։
Սակայն անբացատրելի մի սառնություն չէր լքում մարմինը։
Երեմիան կամեցավ շարժվել, բայց սոսկումով նկատեց, որ
մարմինն ընդարմացած է ամբողջությամբ։
Նժույգների ոտնաձայն հասավ նրան։ Խոտերի միջից նա
սաղավարտների փետրափնջեր տեսավ ու նաև արքունի
դրոշները. թագավորն էր անցնում իր շքախմբով։
Երեմիան ջանաց գոնե փոքր-ինչ բարձրանալ պառկած տեղից,
սակայն ոչ մի մկան չենթարկվեց նրան։ Ուժերը հավաքելով՝
փորձեց կանչել արքային, սակայն շուրթերը շարժվեցին
համրորեն ու ձայն արտաբերել չկարողացավ։
Երբ վերստին լռություն հաստատվեց, նա նայեց երկնքին, ու
անզորության և կործանումի արցունքներ երևացին նրա
աչքերում։
Գլուխ տասնվեցերորդ
Բագրևանդից վերադարձող արքան երբ մտավ Խու դաշտ,
հեռվում զինվորական մի ջոկատ նկատեց։ Փողփողացող ալ