տագնապած հայացքն ակամա սահեցրեց ժայռի ստորոտի վրայով, ու անմիջապես քարայրի տակ սևին տվող ինչ-որ բան նշմարեց ։ Արագ շարժումներով ցած իջավ ։ Մացառուտների վրա ընկած էր մարդկային մի մարմին. Շահաբն էր ։
Նրա մարմինը դեռ տաք էր, բայց այլևս չէր շնչում ։
Առաջին միտքը, որ ծագեց Երեմիայի գլխում, այն էր, թե երևի ծերունին բարձրանալիս վայր է ընկել աստիճաններից ու ջախջախվել ։ Ու սկսեց դատապարտել իրեն, որ եթե չտարվեր ընթերցանությամբ, ապա ավելի վաղ կնկատեր Շահաբին և գուցե թե հնարավոր լիներ փրկել նրան ։
Նա շնչակտուր փութաց ամրոց, մարդիկ ուղարկեց Շահաբի դին տաճարի մոտ բերելու, իսկ ինքը մտածում էր կատարվածի մասին հնարավորինս արագ արքային տեղյակ պահելու մասին ։ Այդ մտորումների մեջ էր, երբ նրան հայտնեցին, թե Դվինից սուրհանդակ է եկել ու լուր ունի արքայի համար ։ Երեմիան ընդառաջ գնաց բանբերին և հայտնեց, որ արքան Բագրևանդի կողմերում է, երկու օրվա հեռավորության վրա ։ Եվ խնդրեց լուրը հայտնել իրեն ։ Սուրհանդակը ճանաչում էր արքայի գրագրին և հայտնեց, թե լուսաբացին հայկազունյան դպրանոցի բոլոր յոթ սեպուհ- դաստիարակներին գտել են մեռած. նրանք գիշերը խնջույքի են եղել դպրանոցի տարելիցի առիթով ու հանգել են հենց սեղանի մոտ ։ Սուրհանդակը նաև հայտնեց, թե ըստ ամենայնի նրանք բոլորը թունավորվել են, իսկ թե ինչից, ապա բժշկողները դեռ չեն պարզել ։
Երեմիան փլվեց գահավորակին, դեմքն առավ ափերի մեջ ։
Սուրհանդակը, պարտքը կատարած համարելով, անաղմուկ հեռացավ ։ Ծանր մտքեր էին տանջում Երեմիային. առավոտյան թունավորված են գտնում սեպուհներին, իսկ երեկոյան հայտնաբերվում է Շահաբի դին ։ Մի ՞ թե պատահական զուգադիպում է ։ Իսկ գուցե դա ՞ վ է, և Շահաբը ոչ թե գայթել է, այլ նրան հրել-գցե ՞ լ են քարայրից, իսկ սեպուհներին ՝ գաղտնի թունավորե ՞ լ ։