Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 13

— Բայց, արքա՛,— ասաց,— նրա մասին այնպիսի զարհուրելի պատումներ են անում... — Պատումնե՛ր... և ովքե՞ր են դրանք անում,— հարցրեց արքան,— արդյո՞ք նույն մարդիկ չեն, ովքեր պարսավում են թույնով սպանված Հուլիանոս կայսերը, ինչ է, թե նա ազատություն էր տվել մարդկանց հավատքի հարցերում։ Արքայի այս արձագանքն անսպասելի էր թե՛ Բաթ իշխանի, թե՛ Երեմիայի համար։ Եվ արքան զգաց, որ կարիք կա փարատել նրանց կասկածները։ — Դուք Մերուժան իշխանի մասին ամենը չգիտեք։ Հիշո՞ւմ եք՝ երբ մորս՝ թագուհու հետ փակված էի Արտագերսում, Մերուժան իշխանը, որպես պարսից բանագնաց, եկավ մեզ մոտ՝ հանձնվել առաջարկելու։ Բաթ իշխանը և Երեմիան գլխով արին։ — Իր ուղեկիցներից ծածուկ մի գրություն թողեց նա մեզ, ուր նշել էր մեզ պաշարող զորքի խոցելի տեղերը ու նաև օրն ու ժամը՝ նրանց վրա հանկարծակի գրոհելու համար։ Մայրս էլ ձեր նման տարակուսանքի մեջ էր. վստահե՞լ նրան, թե՞ ոչ, բայց մենք այլ ելք չունեինք՝ նրա ծառայությունից օգտվելուց բացի։ Թե ինչ ջարդ տվեցինք պարսիկներին այդ օրերին, տեղյակ եք քաջ։ Դրանից հետո նա մի գրությամբ ինձ խորհուրդ տվեց մեկնել Տարսոն՝ օգնության խնդրանքով, և հաջողեցրեց իմ ծածուկ հեռանալը Արտագերսից։ Այդ նրա շնորհիվ էր, որ ես գերի չընկա։ Բաթ իշխանն ու Երեմիան միմյանց նայեցին։ Իսկ Պապը շարունակեց. — Ասեմ նաև, որ աղվանից թագավոր Ուռնայրը Շապուհին խնդրել է, որպեսզի նա շնորհ անի և առաջիկա կռվում իրեն իբրև պարգև հրաման տա հայկական զորքին ախոյան լինել իր գնդերով։ Երբ Շապուհն արել է այդ շնորհը, Մերուժանն ասել է Ուռհայրին. «Դու փուշ գրկեցիր, շատ զարմանք կլինի, եթե ժողովես»։