Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 128

խոպոպիկներով կեղծամ դրած մի պատանի, որ մարմնավորում էր Բաքոսին, հարբածի պես օրորվելով՝ հերթով գրկում էր «կանանց» և արծաթե բարակավիզ սափորից գինի հեղում նրանց բերանի մեջ։ Տղեկների ոտաբոբիկ երամը վազում էր դերասանների ետևից, ձիգ տալիս գետնին քսվող նրանց շրջազգեստների փեշերից, փորձում քայլել հարբածի պես՝ առաջ բերելով ամբոխի ծիծաղը։ Այծենի հագած երգիչների խումբը դիֆերամբներ էր երգում։ Մարդկանց ուրախությանը չափ չկար... Իսկ լուսաբացին բազմահազար ժողովուրդը արքայի հետ միասին հետիոտն գնացին՝ զոհեր մատուցելու և երկրպագելու հայոց Գերագույն Աստծուն ու նրա դիցերին։ Սա տեղի ունեցավ երկու հազար յոթ հարյուր ութսունյոթ թվականին, հրոտից ամսին, երբ ես քրմական տաճարի սան էի»։ Երեմիային հոգեթով զմայլանք էր համակել, և ավարտելով ընթերցումը, երկար ժամանակ դժվարանում էր վերադառնալ իրականություն. նա նախանձում էր Շահաբին, որ տեսել է այդ ամենը. մի անբացատրելի ձգտում նրան կապում էր աչքերի առջևից չհեռացող անցյալի հետ։ Երեմիան հոգածությամբ մի կողմ դրեց մաղագաթը, որ վերցրել էր ընթերցելու և սպասումի ձանձրույթը փարատելու համար։ Աճող հետաքրքրասիրությունը նրան դրդեց տնտղել մյուս մագաղաթները ևս։ Դրանք իրեն քիչ թվացին նախորդ անգամ տեսածի համեմատ։ Մտածեց, թե Շահաբը մի մասն ինչ-որ տեղ է տարել։ Օրը սկսում էր մթնել։ Քարայրի ներսում արդեն ընթերցել հնարավոր չէր, ու Երեմիան մի քանի գրություն վերցնելով, ելքի մոտ հարմար տեղավորվեց մի քարի վրա։ «Զգայարաններդ բանեցրո՛ւ զգալու և ո՛չ ցանկանալու համար,— կարդաց նա։— Տո՛ւր, ինչ կարող ես, ստացի՛ր, ինչ կարող են տալ։ Քայլի՛ր քո արահետով, եթե