Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 127

արքայի արծաթաբաշ ձին ՝ պարանոցից մինչև գավակը ծածկված հակինթագույն ծածկոցով և զարդարված կարմիր ու սպիտակ ժապավեններով ։
Նոր էին հեծելապետերը հասել հրապարակ, երբ փողոց-ներում երևաց քառանժույգ, ոսկեհուռ մի կառք, որի փղոսկրե գահավորակին բազմել էր Տրդատ արքան ։ Նրա ուսերին ծիրանի, ոսկեկար թիկնոց էր ։ Ջահել մի ստրուկ նրա գլխավերևում ակնազարդ պսակ էր բռնել ։
Անթիվ-անհամար զինվորներ էին ուղեկցում նրան, որ գալիս էին անկանոն շարքերով և գլխներից վեր թափահարելով իրենց զորաջոկատների դրոշները ՝ երգում էին ռազմի մի խրոխտ երգ ։
Հանդիսատեսները ոգևորում էին նրանց ցնծության անհուն աղաղակով, կանայք սոսու ճյուղեր էին նետում կառքի վրա, պատանիները վանկարկում էին արքայի անունը, առավել համարձակները մոտեցել ու բռնել էին պախուրցներից, դերասանների խումբը, խառնվելով զինվորներին, խելահեղ պարում էր, մերթ կրկնում արքայի շարժումները, մերթ քայլում որպես գերյալ ՝ առաջ բերելով ամբոխի քրքիջը ։ Հանդիսականները միացան զինվորներին, և արքայի դիցային դեմքը տեսնելու ձգտումով քաղաքի փողոցներով գնացին կառքի ետևից ։
Պատշգամբներում խմբված կանայք ուրախ կանչերով ծաղկեփնջեր էին նետում ցած, որ թափվում էին թիկնապահների դրվագազարդ սաղավարտներին ։ Երկարավարս օրիորդները, հայացքը երկինք հառած, Աստղիկ դիցուհուն աղերսում էին Տրդատի պես քաջակորով ու խելամիտ ամուսին պարգևել իրենց ։ Աղքատ պառավներն անձայն աղոթում էին, և երբ կառքը հասնում էր նրանց, գլուխ էին տալիս ու երջանկություն մաղթում արքային ։
Երթի վերջից քայլում էր կանացի զգեստ հագած և դեմքը կարմիրով ներկած դերասանների մի ուրիշ խումբ, որոնք զավեշտ տեսարաններ էին ներկայացնում բաքոսուհիների կյանքից ։ Իսկ գոտկատեղից վեր բոլորովին մերկ,