Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 126

էին առաջապահ մանիպուլների թիկունքում՝ թշնամուն խոցելով շարժական աշտարակներից կամ նժույգների վրայից։ Նրանց հետևեցին փռյուգիական գնդերը՝ բոլորը հաղթանդամ, այծենու հագուստով և առատ բեղ-մորուսով։ Ամբողջ վեց ժամ փողոցներով հոսում էր զենքերի, զրահների, գունագեղ փետրափնջերի, դրոշների, ոսկեզօծ ճարմանդներով ալ թիկնոցների հեղեղը, և թվում էր, թե այս ամենին վերջ չի լինի այլևս։ Քաղցած հանդիսականները իրենց գցում էին մոտակա կրպակները, կարկանդակ, միրգ կամ խաշած միս գնում և չկամենալով ոչինչ բաց թողնել՝ ծամում անմիջապես մայթեզրին։ Քաղաքը ցնցվեց, երբ Տափերական դարպասից ներս մտավ հայկական ծանրազեն հեծելազորը. այդ նրանք էին տասնհինգ օր առաջ համարձակ գործողություններով Տիգրանակերտի մոտ շփոթություն մտցրել պարսիկների մեծաքանակ բանակի մեջ և փախուստի մատնել։ Նրանցից հետո դանդաղ վարգով եկան թաղիքե թասակ դրած հռոմեական ընտիր հեծելավաշտերը։ Օրը զով էր, նրանք ազատվել էին թիկնոցներից, և լանջազրահի պղնձե թերթիկները փայլում էին կուրացուցիչ ցոլքերով։ Ամբոխը մի առանձին ոգևորությամբ դիմավորեց արքայի թիկնազորին. նրանք կարճ տաբատով էին և դարչնագույն կաշվե վերնազգեստով, զինված էին երկար նիզակներով, իսկ մարմինն ուսերից մինչև ազդրերը ծածկված էր թեթև վահանով։ Երթը հանկարծ ընդհատվեց, կոխկռտված ծաղիկներից երփներանգված փողոցները շունչ առան մի պահ, բայց լռությանը հաջորդեց դարպասների կողմից եկող հիացական բացականչությունների ականջ ծակող որոտը, որն ալիք-ալիք տարածվեց, հասավ հրապարակ. Տրդատը մտնում էր քաղաք։ Ճերմակ նժույգներով հեծելապետերը բերում էին արքայի զինանշանն ու դրոշը, երկու զինվոր կրում էին նրա վահանը, որին մերկ ատամներով և օձմազերով Մեդուսա էր պատկերված, մեկ ուրիշ զինվոր կրում էր արքայի սուրը։ Երկու սեպուհ, ոսկեգամ պախուրցներից բռնած, բերում էին Տրդատ