Նանեի տաճարի մոտ փողհարները կանգ առան ։ Հրապարակ հասան նաև հնամարտիկները ։ Ձյունաթույր նժույգ հեծած սեպուհը զեկույց տվեց արքայական պալատի կառավարչին ։ Սա օրհնված գինի մատուցեց սեպուհին, իսկ տաճարական սպասավորները հապճեպորեն զոհարանին մոտեցրին սևամորթ մի արջառ ։ Պալատի կառավարիչը, ձեռքերը վեր պարզելով, աղոթք մրմնջաց, որն ավարտեց « ընդունիր այն » կանչով ։ Նրա այս խոսքի հետ լայնաշեղբ մի տապար փայլատակեց օդում, և տապալված անասունի արյունը հորդեց սրբազան վիրապի մեջ ։ Սեպուհը մեղրագինի հեղեց զոհի վրա, և հրապարակը դղրդաց որոտընդոստ բացականչություններից ։ Փողկանչի հետ ազնվատոհմիկ կանայք ու օրիորդներ իջան ամֆիթատրոնից և ծաղկեպսակներ նվիրեցին վետերաններին, և սրանք բուռն ծափերի ներքո շրջանցեցին Գիսանեի տաճարը, Շահաստանից թեքվեցին աջ ու Մեծամորի կամրջով հորդեցին դեպի Եռանավ տաճարին մերձակա դաշտ, ուր բոլորին առատ նվիրատվություն և ճոխ ճաշկերույթ էր սպասվում ։
Ահեղ, ամեն ինչ խլացնող ռազմերթի և ոգեշունչ կանչերի ներքո միմյանց ետևից եկան ու անցան արքային օժանդակող հռոմեական վեց լեգեոնները, Հռոդոսյան առանձին կոհորտաները, և ապա ՝ արքայական գվարդիան ՝ բոլորն էլ կաղնեպսակի արժանացած բազմափորձ, ամրակազմ զինվորներ ։ Նրանք արծնապատ երկար սրեր էին կրում, որոնք օրորվում էին քայլելիս, ուսերին հենած տանում էին բամբուկե ձիգ նիզակներ, որոնց սայրերը շողարձակում էին թանկագին ակների պես ։ Ծնկներից վեր նրանց մարմինը ծածկված էր քարանետ մեքենաների հարվածներից ծռմռված վահանով ու նաև անդիմակալ սաղավարտով, իսկ սրունքներն առնված էին դրվագազարդ կնեմիդների մեջ ։
Փողոցները նեղ էին, և նրանք գալիս էին հարյուրյակներով, միմյանց սեղմված, հպարտության ժպիտը դեմքերին ։
Ապա եկան թիկունքով լայնալիճ աղեղ գցած թեթևազեն նետաձիգները. նրանք, վահան չունենալով, սովորաբար կռվում