Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 124

ավազուտները, սանրել Մարաստանի անտառները, հյուսիսում մարտնչել լեռնականների դեմ, բերում էին անուշահոտություններով օծված զինանշաններ, բազում արշավանքներից խունացած ու աղքատի հագուստի պես քրքրված դրոշներ։ Մայթերը հեղեղած դվինցիներն ու շրջակա գավառներից քաղաք հասած շինականները դաշտային ծաղիկներ էին ցանում նրանց վրա։ Գդակներ էին նետվում օդ. պատանիները ձեռնասուն աղավնիներ էին թռցնում, որոնք հանդարտ պտտվում էին հրապարակի վրա. ունևորները դրամներ էին շաղ տալիս զինվորների ոտքերի տակ, և դրանք զրնգում էին կոթուրնոսների ծանր հարվածներից։ Առաջին անգամ զորք տեսնող տղեկները, ես էլ նրանց հետ, հետաքրքրասիրությունից այրվելով, հավաքվել էին տների հարթ տանիքներին և դափնու ճյուղեր էին թափում զինվորների վրա։ Այնքան մեծ էր արքային մոտիկից տեսնելու գայթակղությունը, որ ժողովուրդը միախառնվել էր՝ մոռացած ցենզային ամեն բաժանում. սեպուհների հետ միևնույն շարքում կանգնել էին քաթանե թասակ դրած ազատարձակները, հարուստ պալատականների մեջ կարելի էր տեսնել դակված ականջով ստրուկների, ազնվատոհմիկ կանայք հարևանություն էին անում վատահամբավ պարուհիների և կուրտիզանուհիների հետ։ Ողջ Դվինն էր ելել դիտելու զորահանդեսը։ Բազմերանգ տունիկա հագած դվինցիների, լայն տաբատով գյուղացիների մեջ իրենց արտասովոր հանդերձանքով, երկար, մինչև գոտկատեղ իջնող մորուքով կամ բոլորովին սափրած գլխով աչքի էին ընկնում Եգիպտոսից, Սիրիայից, Բյուզանդիայից ժամանած վաճառականներն ու հյուպատոսները։ Հրապարակը ճերմակել էր կանանց ու երեխաների հետ փայտե ժամանակավոր ամֆիթատրոնում բազմած նախարարների ու իշխանների տոնական զգեստներից։ Հով անող ծառաներ էին երևում նրանց շարքերի մեջ։