հայտարարեց, թե բարի թագավորի գործերի հաջողության համար հարկավոր է մաքրագործել մայրաքաղաքը, ու այր, թե կին ՝ վարսերին սոսու ճյուղերից պսակներ, շրջում էին փողոցներում և զոհ մատուցում ամեն հրապարակում ու խարույկ վառում բակերում ու պուրակներում ՝ սրբազան ծխով ողողելու համար եթերը ։ Եվ որպեսզի մաքրագործումը կատարյալ լիներ ու բարի հոգիները չբանտվեին տներում, բոլոր դռները բացվեցին, ամենքը ՝ օտար և անծանոթ, միախառնվեցին, ճամփորդներին քաղցր խոսքերով հրավիրում էին տուն և պատվում, մոռանում վեճ ու նեղսրտություն. այն ամենը, ինչ կարող էր հաճո չլինել դիցերին ։
Երեք օր հետո, երբ ավագ քրմերը հարցում արին դիցահորը ՝ բավարարվա ՞ ծ է նա իրենց խոստումներից ու նվերներից, ամենքը ընդերքից եկող խուլ դղրդյունի նման ձայն լսեցին ։
Լուր առնելով, որ արքան անցել է Տափերական կամուրջը, շինականները, ազատները, Դվինի կայազորի ՝ ծառայութունից ազատ զինվորներն ընդառաջ գնացին նրան ։ Ու երբ արքան հասավ Արտաշատի դաշտ, նրա ուղեկիցների թիվն անցնում էր հարյուր հազարից ։
Իսկ հաջորդ օրը ՝ վաղ առավոտյան, երբ Արևը սրբազան լեռը ողողել էր դեղնավուն ցոլքերով, Դվինի հարավային դարպասից քաղաք մտան մարտական երկար թիկնոցներով տասներկու հեծյալ փողհարներ և ազդու կանչերով արքայի գալուստն ազդարարելով ՝ երկու շարք կազմած ուղղվեցին դեպի հրապարակ ։ Ապա երևացին « արծիվներ » բռնած հետևակ շարքերը ՝ շուրթերին ռազմական մի հին երգ ։
Փողոցների սալահատակը դղրդում էր կոթուրնոսների համաչափ դոփյունից. ջայլամի և սիրամարգի փետուրներով, մետաքսե երփներանգ ու բոլորաձև թելիկներով զարդարված սաղավարտները ծփում էին արևի տակ, և երթը նմանվում էր առասպելական ոսկեթեփուկ վիշապի ։ Խրոխտ քայլող վետերանները, որ կռվել սկսել էին դեռևս Խոսրով թագավորի հրամանատարությամբ և տրորել էին Պարսկաստանի