Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 122

Միայն խորհուրդ տվեց զգուշանալ Տարսոնից։ Պապն էլ նրան ասաց, թե հարկավոր է եկեղեցին աստիճանաբար դարձնել ազգային հոգևոր կառույց, բայց այնպես, որ հույն ու ասորի եպիսկոպոսները դա գլխի չընկնեն։ Հուսիկ կաթողիկոսը խոստովանեց, թե ամենքը չէ, որ ողջունեցին Կեսարիայից հրաժարվելը, և գուցե լինեն հոգևորականներ, ովքեր բողոքներ կուղղեն կայսերը։ Արքան այս հարցի վերաբերյալ նրան ոչինչ չասաց, բայց կաթողիկոսի հեռանալուց հետո Գնել իշխանին հանձնարարեց հետևել բարձրագույն հոգևորականների վարքին, բայց այնպես, որ դա մնա աննկատելի նրանց կողմից։ Իսկ ինքը լավ հասկանալով, որ կայսրը դժկամորեն է ընդունելու իր քայլը և փորձելու է ճնշում բանեցնել իր վրա, իր պապ Անդոք իշխանին լուր հասցրեց, որ գաղտնի գործակալ ուղարկի Տիզբոն։ Գլուխ տասնհինգերորդ «Տրդատը, գալով Հայաստան, յոթ մեհյաննների բագիններին ուխտի գնաց, պաշտամունք կատարեց դիցերի կուռքերին, Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարեց՝ նվիրաբերելով սպիտակ ցուլեր ու նոխազներ, ճերմակ ձիեր ու ձորիներ, շարաններով զարդարուն մետաքսե զգեստներ, ոսկի պսակներ ու արծաթե զոհարաններ, թանկագին քարերով լի գեղեցիկ անոթներ։ Այս ամենից հետո երբ լուր եկավ, որ նա գալիս է Դվին։ Հայերը, որ քսան տարի իրենց թագավորը չէին ունեցել ու տանջվել էին պարսիկ ներսեսների ձեռքը, տեսնել էր պետք, թե ինչ խանդավառությամբ էին սպասում նրան։ Դվինի ողջ բնակչությունը տաճարներում ամբողջ մեկ օր աղոթեց հանուն նրա հաջողության։ Դա քիչ համարելով՝ եռահարկ հարթակների վրա առատ զոհեր մատուցեցին Արամազդին, չորս հարյուր տաղանդ ոսկի նվիրաբերեցին Աստղիկին, Վահագնին եռօրյա խաղեր խոստացան։ Մի ողջ գիշեր Տիրի տաճարի սուրբ գրքերը մանրակրկիտ ընթերցած քրմերի խորհուրդն ի լուր ամենքի