Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 121

Հայաստանը ՝ մենք կրկին աշխարհը կդնենք չափի մեջ, ինչը նաև Ինքդ ես ցանկանում ։
Հաջորդ օրն ևեթ արքան մեկնեց երկրի խորքերը ՝ նոր արշակավանների համար հարմար վայրեր ընտրելու ։
Գավառներում մեկում նա պատահեց Կեսարիայից վերադարձող պատվիրակությանը. միտրոպոլիտը Փավստոսին ոչ միայն չէր ձեռնադրել, այլև վտարել էր եկեղեցուց և հայտարարել, թե ինքը կաթողիկոս կօծի, եթե Կեսարիա գա Կյուրեղ եպիսկոպոսը ։
Այս լուրը խիստ զայրացրեց արքային, նա անմիջապես կարգադրեց սուրհանդակներ ուղարկել Մեծ Հայքի բոլոր գավառները ՝ Դվին հրավիրելու եպիսկոպոսներին ։ Գործերը կիսատ թողնելով ՝ արքան ինքն էլ վերադարձավ մայրաքաղաք, ու երբ բարձր դասի հոգևորականներն ի մի եկան, նրանց բոլորին հրավիրեց գահադահլիճ և հայտնեց իր կամքը ՝ այսուհետ կաթողիկոսին ձեռնադրելու են Հայոց Աշխարհում և կաթողիկոսի ոչ մի թեկնածու Կեսարիա չի հասնելու ։
Եպիսկոպոսների մեծ մասին սարսուռ պատեց, իրենց մտքում արքայի այդ քայլը համարեցին Աստծո կողմից անողջունելի, սակայն արքայի աչքերի բոցկլտացող փայլը նրանց հարկադրեց սրահում չարտահայտել իրենց առարկությունը ։ Քչերն էին ուրախ արքայի կամքը լսելով. դրանք հայ եպիսկոպոսներն էին ։
Արքան ժամանակ չտվեց նրանց մտորելու և ներկայացրեց Աղբիանոսյան տոհմից Հուսիկ արքեպիսկոպոս Մանազկերտցուն ՝ որպես կաթողիկոսի թեկնածու ։ Հուսիկը հենց այդտեղ էլ ՝ Դվինում ձեռնադրվեց կաթողիկոս ։
Երեկոյան, առանձնազրույցի ժամանակ արքան նրան ասաց, թե շարունակելու է իր ձեռնարկները և նվազեցնելու է քահանաների թիվը ՝ ազատվածներին վերցնելով զինվորության ։ Կաթողիկոսը, որ ի տարբերություն իր բոլոր նախորդների, ոչ միայն զտարյուն հայ էր, այլև սերում էր քրմական հին տոհմից, ոչինչ չպատասխանեց նրան. ո ՛ չ ողջունեց, ո ՛ չ էլ առարկեց ։