Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 120
— Եթե հայրս Կոգովիտում էր Արշակավան ստեղծում, ապա
մենք Արշակավան կդարձնենք ողջ երկիրը։ Մեզ հարուստ և
ազատ մարդիկ են պետք, բազմազավակ ընտանիքներ, որ և՛
բանակը մեծացնենք, և՛ մարդիկ ապրել կարողանան։ Մենք
արշակավաններ կկառուցենք նահանգներից մի քանիսում, ուր
կապրեն ազատները։ Առանձին գյուղերի ևս ազատ կարձակենք,
որ լինեն ինքնուրույն. դրանք կլինեն արքունական
դաստակերտներից, մի մասն էլ ետ կվերցնենք վանքերից։
Բաթ իշխանի աչքերը փայլեցին հուզմունքից, բայց հաջորդ
պահին մտահոգություն համակեց նրան.
— Նամակնե՜ր են, որ կհորդե՜ն դեպի Տարսոն։
— Թո՛ղ հոսեն,— արձագանքեց արքան կտրուկ,— մենք դա
կանենք շատ արագ, ու մինչ հասկանան մեր նպատակները,
ամեն ինչ ավարտված կլինի։ Այդ քաղաքների միջոցով մենք
երկիրը կդարձնենք միասնական, դրանք նաև մեծ զորանոցներ
կլինեն մեզ համար, դպրանոցներում նոր սերունդ կկրթենք,
Արշակ արքայի նման կփոխենք մարդկանց վարքը։ Եվ շատե՛րը
կցանկանան ապրել այդ քաղաքներում։ Մենք հող կտանք բոլոր
զինվորագրվել ցանկացողներին և այդժամ կկարողանանք
երկու հարյուր հազարանոց բանակ զինել։ Պատկերացնո՞ւմ ես,
իշխան, երկու հարյուր հազա՜ր նիզակ, հինգ հազա՜ր
միհրական, ովքեր մի տե՛ր են ճանաչում միայն՝ Հայրենի՛քը։ Ո՛չ
ոք այդժամ չի կարողանա պայման դնել մեր առջև կամ հաշվի
չառնել մեր կարծիքը։ Եվ այդ ժամանակ մենք կունենաք ա՛յն
երկիրը, որպիսին եղել է Երվանդունիների օրոք։
— Բայց, արքա՛,— մտահոգ ասաց Բաթ իշխանը,— դա պիտի
արվի այնպես, որ սահմանային շեները կանգուն մնան։
Արքան համաձայնեց, ապա դառնալով դեպի արևը՝ ձեռքերը
կարկառեց վեր ու կանչեց բարձրաձայն.
— Օ՜, Տե՛ր, որ վերևում ես ու հետևում ես ամենքիս, բարեգութ
եղի՛ր և աջակցի՛ր մեզ՝ իրականացնելու մեր այս երազանքը. չէ՞
որ այն նաև Քեզ է անհրաժեշտ. չէ՞ որ վերականգնելով հին