Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 118
կառուցվածքը։ Զգուշանալով եկեղեցուց ու իրենից դժգոհ
նախարարներից՝ նա, իր նպատակը գաղտնի պահելով, սկսեց
մի նոր քաղաք կառուցել։ Նա իրենց վիճակից դժգոհ մարդկանց
արքայական հրովարտակով ազատ հռչակեց, թույլատրեց գալ և
հաստատվել նոր կառուցվող Արշակավանում։ Նրանց բոլորին
հող տվեց արքունական տարածքներից, արհեստագործներին
օգնեց կացարաններ կառուցել։ Սուտ է, թե Արշակավանում
հավաքվել էին գողերը, ավազակներն ու այլ արատավորները։
Ինչպե՞ս կարող էր այդպես լիներ. չէ՞ որ արքան այնտեղ նաև
ի՛ր համար էր պալատ կառուցել. նա հո հիմար չէ՞ր՝ գնար-
ապրեր գողերի ու ավազակների մեջ։ Քեզ հասած այդ
պատմությունը հորինել են նրանք, ովքեր երկյուղում էին
Արշակ թագավորի քայլերից։ Արշակավանը մեծանում էր ժամ
առ ժամ. մարդիկ, լսելով արքայի օժանդակության ու քաղաքում
կյանքի թեթևության մասին, գալիս էին ընտանիքներով բոլոր
նահանգներից։ Ու քանի որ նոր քաղաքում եկեղեցու դիրքերը
թույլ էին, նաև հին հավատքի կրողներն էին գալիս հյուսիսի
ժողովուրդների մոտից ու Պարսից կողմերից։ Արշակ արքան
ինքն անձամբ ու նաև իր մարդիկ ամեն օր հանդիպում էին
քաղաքի բնակիչներին ու նրանց հորդորում համերաշխության
ու փոխադարձ սրտացավության՝ ասելով, թե իրենք բոլորը հայ
են, միևնույն մարդու ժառանգները և պիտի այսուհետ ապրեն
որպես արյունակից քույրեր ու եղբայրներ։ Ու արքան խստորեն
հետևում էր իր սահմանած կարգին։ Եվ քանի որ ինքն էլ
օրինակ էր ամենքի համար, ապա մի քանի ամիս անց փոխվեց
մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ, և քաղաքը
դարձավ մի մեծ ընտանիք. մի երանելի վիճակ ստեղծվեց.
հանցագործությունները վերացան, անգամ կարգազանցության
դեպքեր չէին պատահում։ Այս ամենի արդյունքում նաև
տնտեսությունը սրընթաց աճեց։
Բաթ իշխանին լսելով, Պապը բոցավառվող աչքերով նայում էր
անսահման հեռուն. նրա մտքում հետզհետե ամբողջանում էր
անելիքների ուրվագիծը։