Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 115

Գլուխ տասնչորսերորդ Կաթողիկոսը երկու օր անց վախճանվեց։ Հոգևորականները հովվապետի թափուր պաշտոնում ցանկացան տեսնել Ներսեսի Սահակ որդուն։ Սակայն նա Հայաստանում չէր. ուսանում էր Բյուզանդիայում։ Ապա նախընտրեցին Կյուրեղ եպիսկոպոսին։ Արքան Փավստոս եպիսկոպոսի կողմնակիցն էր, ով իր հոր մտերիմն էր եղել։ Համաձայնության եկան և մեծ պատվիրակության հետ Կեսարիա՝ միտրոպոլիտի կողմից ձեռնադրվելու մեկնեց Փավստոս եպիսկոպոսը։ Պատվիրակությանը ճամփելուց հետո արքան Բաթ և Գնել իշխանների հետ գնաց Արտաշատ՝ կարգի բերելու Հայկազունյան դպրանոցի գործերը, այդտեղից էլ մեկնեց նահանգները։ Երկիրը հետզհետե ոտքի էր կանգնում, ավերված քաղաքները վերաշինվում էին, շեները սկսել էին ապահովել բանակին ու բնակչությանը պարենով։ Սակայն պետության ներքին կառուցվածքը չէր գոհացնում արքային. նահանգներն ու գավառները կտրտված լինելով, չէին համագործակցում միմյանց հետ. ասես տարբեր երկրներ լինեին, որից տուժում էր տնտեսությունը։ Բացի դա՝ մարդկանց միավորող նպատակ չկար։ Մինչդեռ սուրհանդակներն անհանգստացնող լուրեր էին բերում հարավից ու արևմուտքից. սասանները նախապատրաստվում էին մեծ պատերազմի՝ դուրս մղելու համար Բյուզանդիային Միջերկրական ծովի արևելյան երկրներից, իսկ Բյուզանդիան տեղեկանալով այդ մասին, ինքը ևս ռազմի պատրաստություն էր տեսնում։ Չէր բացառվում, որ նրանք բախվեին Հայաստանի մերձակայքում։ Այդ դեպքում միմյանց հալածելով՝ Հայաստան կթափանցեին։ Դրանից խուսափել հնարավոր կլիներ, եթե երկիրը երկու հարյուր հազարանոց բանակ ունենար ու գլխավոր ուժերը տեղակայեր հնարավոր ճակատամարտերի վայրերին մոտ։ Բայց ինչպե՞ս