Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 114

մարդը պիտի լինի ազատ, խրոխտ, ոգելից, ոչինչ չպիտի կաշկանդի նրա ներսի փոթորիկը։ Նա պիտի մի մղում ունենա՝ հերոսացում։ Ինձ համար միևնույն է, թե ում կերկրպագի այդ մարդը. հրեշտակներ, դիցեր կունենա, արև, թե խաչափայտ կպաշտի, ճերմակազգեստ քուրմ, թե կնգուղավոր քահանա կունենա։ Այդպիսի մարդ է ինձ հարկավոր, այլապես իմ երկիրը չի դիմանա ախոյաններին ու կուլ կգնա։ Այդպիսի՛ երկիր է ինձ պետք։ Ասա ինձ, դու, իմաստո՛ւն կաթողիկոս, որ խակ պատանի անվանեցիր ինձ, կարո՞ղ ես ապահովել դա։ Եթե այո՛, ապա հիմա ևեթ կհրաժարվեմ իմ կոչումից ու թագը կդնեմ քո ոտքերի տակ։ Ապացուցի՛ր ինձ, որ քո՛ կրոնը կապահովի դա, ու ես ծնկաչոք բոլոր վանքերը կգնամ ու նրանց քարերը կհամբուրեմ։ Ապացուցի՛ր ինձ։ Ներսեսը խիստ մռայլ, խոր շունչ քաշեց՝ խոսք սկսելու համար։ Բայց արտաբերած առաջին բառերի հետ հազ բռնեց նրան։ Այն գնալով սաստկանում էր՝ ցնցելով նրա մարմինը։ Արյան բծեր երևացին նրա շուրթերին։ Արքան շփոթվեց, չգիտեր՝ ի՞նչ աներ։ Ակամա շուրջը նայեց. սրահի մի անկյունում սափոր էր դրված։ Մի գավաթ ջուր հրամցրեց Ներսեսին։ Բայց կաթողիկոսը հազիվ էր մի քանի կում խմել, երբ հանկարծ հազի հետ արյան գնդեր դուրս թռան բերանից։ Արքան տագնապած դուրս եկավ նախասրահ և օգնություն կանչեց։ Եկան մի քանի վանականներ, նրանց հետ՝ նաև Գնել իշխանը, ով սպասում էր արքային։ Վանականները կաթողիկոսին ուղեկցեցին ննջարան։ — Արդեն երկու շաբաթ այս վիճակն է,— արքայի շփոթված դեմքը տեսնելով՝ պարզաբանեց վանականներից մեկը։ Ննջարանի դռան մոտ արքան ու Գնել իշխանը կանգ առան։ Բժշկողը փութով անցավ նրանց կողքով, մի փոքր պայուսյակ ձեռքին։ — Երկար չի ապրի,— ասաց Գնել իշխանը,— մահվան ուրվականն էր նրա դեմքին։