Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 113
— Իսկ ես միամտաբար կարծում էի, թե մեր եկեղեցին
կսատարի ինձ վերականգնելու մեր երկիրը,— արքան թևերը
կողք տարածեց,— դեռ ավելին՝ կհանի իր հոգեպահուստը
հանուն հայրենիքի փրկության։ Մինչդեռ այն ահա անիծում է
ինձ և Աստծուց պատիժ պահանջում ինձ համար։ Երանի՜ թե
Երկրի վրա ամենը կատարվեր Աստծո կամքով, այլ ոչ թե
ոմանք վճիռ կայացնեին նրա փոխարեն՝ նրա կարծիքը
չհարցնելով։ Այդ ժամանակ արդարություն կլիներ։
Արքան բազմանշանակ հայացքով նայեց Ներսեսի աչքերի մեջ և
շարունակեց.
— Ինձ երկիր է հարկավոր, ուժե՛ղ, որ կանգնի իր ոտքերի վրա
ամուր, ինքնավստա՛հ, ուր ամենքը զինվոր են՝ այր, թե կին,
դպիր, թե վանական, հողագործ, թե արքա։ Սա՛ է իմ ուզածը,
իսկ եկեղեցին հազարավոր իր սպասավորներին ու տասնյակ
հազարավոր նրանց հարազատներին արտոնել էր բանակ
չգնալ։ Ինչո՞ւ, կարո՞ղ ես ասել։ Դու ահա դժգոհում ես, թե ինչո՞ւ
նրանց զինվորագրեցի բանակ։ Խնդրե՜մ, ես կարող եմ նրանց
ետ վերադարձնել։ Բայց մի պայմանով. վանականներիդ
ուղարկի՛ր հարավ, ուղարկի՛ր արևելք և կամ հյուսիս, ու թող
համոզեն և ետ բերեն հազար բյուր այն հայերին, որոնց
հալածել, արտաքսել է քո պապ Գրիգորիսը։ Նրանց ես
կվերցնեմ ծառայության ու քո մարդկանց ազատ կարձակեմ։
Կարգադրի՛ր, թող գնան։
Ներսեսը խոժոռ հայացքով նայում էր նրան։
— Չես անի։ Մինչդեռ ինձ ուժեղ երկիր է պետք, ուր մարդիկ
ոգով ամուր կլինեն ու անվեհեր։ Չեն երկյուղի մահից և
պատրաստ կլինեն իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի
բարօրության և ազատության։ Ուր թույլ չեն տա օտարի կամքն
իշխի իրենց վրա ու քարից զենք կկոփեն, երկնքից շանթեր
կիջեցնեն ու չեն համակերպվի նվաստացմանը։ Ուր կգտնեն, որ
ազգի արժանապատվությունը վեր է ազգի գոյությունից։ Ուր
մարդն Աստծուն հավասար կսիրի իր երկիրը, իր հայրենիքի
պատիվն ու իր անձի արժանապատվությունը։ Իսկ դրա համար