Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 110

Ներսեսը չէր հանդարտվում ։
Պապն այդժամ ասաց, որ ինքը մի նպատակ ունի. ստեղծել ուժեղ պետություն և հանուն այդ նպատակի իրականացման պատրաստ է ինքն իրեն էլ զրկել հողերից, հարստությունից, հարմարավետությունից, և որ ամենքը պիտի պատրաստ լինեն բեռ կրել իրենց ուսերին ՝ այդ պետությունն ունենալու համար ։ Ասաց, որ իր նպատակն ամենևին Աստծո դեմ չէ, և իրեն այս պահին ոչ թե մենաստաններ, այլ զինվորներ են հարկավոր ։
— Դու քիչ բան ես հասկանում Աստծո գործերից,— վրդովված նետեց կաթողիկոսը ։
— Հնարավոր է,— արձագանքեց արքան ՝ ջանալով վիրավորանքի երանգ չհաղորդել իր խոսքերին,— ես քո փորձառությունը, իհարկե, չունեմ, բայց ես տեսնում եմ, թե ինչ է հարկավոր անել երկիրն օտարի ոտքի կոխան չդարձնելու համար և անում եմ ամենն այդ նպատակին հասնելու համար ։
— Դու խակ պատանի ես,— արտաբերեց Ներսեսը քամահրանքով,— և չես հասկանում ՝ ինչ ես անում ։
Հաշվի առնելով կաթողիկոսի դիրքը, տարիքը, առողջական վիճակը ու նաև մոր կողմից Արշակունի լինելը ՝ արքան նրա հետ խոսում էր ընդգծված պատկառանքով ։ Եվ հազիվ զսպեց իրեն բուռն չարձագանքել ։
— Քո դեմ Հայոց Աշխարհի արքան է կանգնած, և բարի ՛ եղիր հարգալից վերաբերվել նրան,— ասաց ։— Եվ մի ՛ մոռացիր, որ ես ի ՛ նքս եկա քո ետևից ու քեզ կարգեցի իմ, ավագանու և ժողովրդի հոգևոր վերակացու ու խրատատու ։
— Արքա ՜ ն, Հայոց Աշխարհի արքա ՜ ն,— նույն քամահրանքն էր Ներսեսի դեմքին ։— Մի ՞ թե եկեղեցին այլ մեկին է ճանաչում որպես Հայոց Աշխարհի թագավոր,— հարցրեց Պապը հեգնանքով ։
— Բայց դու օրինական արքա չես և քո հրովարտակներն ուժ չունեն,— ասաց Ներսեսը ։