Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 109
Հետո արքան ասաց, թե իրեն շատ է վշտացրել Հայր
Մարդպետի սպանությունը, և որ ինքը ոչ միայն լավ ընկեր է
կորցրել, այլև երկրին նվիրված անփոխարինելի հայորդու։
Ներսեսը զգաց, որ այս խոսքերն ասելու ընթացքում արքան
ուշադրությամբ զննում է իր դեմքը։
— Չգիտեմ,— անկեղծորեն տրտնջաց արքան,— առանց նրա
դժվար է ինձ համար, սակայն առավել ծանր է այն, որ
մարդասպանը ողջ է, շրջում է մարդկանց մեջ, իսկ ես անկարող
եմ պատժել նրան։
Եվ հարմար պահը որսալով՝ արքան հարցրեց.
— Վերջին մարդը, ում հետ նա խոսել է, ինքդ ես եղել,
վեհափա՛ռ. արդյոք նա որևէ անհանգստություն չի հայտնե՞լ քեզ
իր կյանքին սպառնացող վտանգի մասին։
Նրա հարցին ի պատասխան՝ Ներսեսն ասաց, թե ինքն էլ է խոր
վիշտ ապրում Հայր Մարդպետի մահվան համար։ Եվ ապա
ավելացրեց, թե Հայր Մարդպետն այն օրը եկել էր բարձր
տրամադրությամբ ու ոչ մի անհանգստության մասին չի խոսել
նա իր հետ։
Հետո սահուն փոխելով խոսքի նյութը՝ Ներսեսն իր խորին
դժգոհությունը հայտնեց արքայի վերջին հրովարտակի
վերաբերյալ։
Արքան պարզաբանեց, թե երկրի վիճակն է իրեն ստիպում
նման քայլերի գնալ, և որ ամենքն են հիմա նեղություն կրում.
ինքն, օրինակ, ծախսել է արքայական գանձերի մեծ մասը։
Կաթողիկոսն արքայի պատճառաբանությունները հիմնավոր
չհամարեց։ Արքան ասաց, թե չէր կամենա այս պահին վեճի
մտնել նրա հետ և խնդրեց հարցերի քննումը թողնել մեկ այլ
հարմար առիթի, երբ կաթողիկոսը կհաղթահարի
տկարությունը։
— Այսօր ես եկել եմ քո որպիսությունն իմանալու և ապաքինում
մաղթելու։ Ու թե կարիք ես տեսնում, կարող եմ Վաղարշապատ
ուղարկել պալատի փորձառու բժշկողներին։