Հայր Մարդպետի հուղարկավորության հաջորդ օրն ևեթ արքան մարդ ուղարկեց ՝ քննելու նրան ուղեկցած զինվորներին, հուսալով հուշող որևէ տեղեկություն իմանալ ։ Զինվորներն ասացին, թե նախարարը կաթողիկոսի հետ մենակ է տեսնվել, ապա ճաշել են երկուսով, իսկ թե ի ՞ նչ են խոսել, ոչինչ հայտնի չէ իրենց, քանի որ Հայր Մարդպետը ոչինչ չի ասել այդ մասին ։
Պապը նաև մարդ ուղարկեց Աշտիշատ ՝ աննկատ հարցուփորձելու նախարարի և կաթողիկոսի զրույցի մասին, սակայն ոչ մի լուր հայթայթել չհաջողվեց, քանի որ հոգևորականներից ևս ոչ մեկը ներկա չէր եղել ճաշին ։ Մնում էր հարցում անել կաթողիկոսին ։ Բայց դա կբորբոքեր եկեղեցուն, և արքան համառորեն այլ ուղիներ էր որոնում սպանության պատճառն ու պատվիրատուին պարզելու համար ։
Այդ ընթացքում նրան լուրեր հասան Ներսեսի վատառողջության մասին ։ Եվ նա մեկնեց Վաղարշապատ ՝ կաթողիկոսին տեսության ։ Մտածում էր ՝ գուցե թե նաև հարմար առիթ է ՝ նրանից իմանալու դրվագներ Հայր Մարդպետի հետ հանդիպումից ։ Ներսեսը հազիվ էր ոտքի վրա մնում, սակայն արքային պատշաճորեն ընդունելու համար ելել էր անկողնուց ։ Նա տկար էր այնքան, որ երբ արքան սրահ մտավ, անկարող եղավ ողջույնի համար ելնել վեհափառի իր գահից ։
Արքան հետաքրքրվեց նրա որպիսությամբ ու արագ ապաքինում մաղթեց ։
Ներսեսի դեմքին հիվանդության գունատության հետ նաև զայրույթ ու դժգոհություն էր դրոշմված ։
Արքան ձևացրեց, թե չի նկատում դա, ու նրան պատմում էր նահանգներ իր շրջայցների, երկիրը ոտքի կանգնեցնելու համար արվող քայլերի ու դրանք իրագործելու դժվարությունների մասին ։
Ներսեսը նրան ասես չէր լսում ։