Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 107
— Գրի՛ր այսպես,— թելադրեց նրան արքան,— «Աստծո կողմից
ինձ տրված իշխանությամբ ես՝ Պապ Արշակունի թագավորս
Հայոց Աշխարհի, վճռեցի՝ երկրիս բնակչությանը նույն այս
օրվանից ազատել եկեղեցուն վճարվող տասանորդից և
պտղիից...»։
Երեմիան, որ նոր էր արթնացել ու տեղյակ չէր տեղի
ունեցածին, անակնկալի եկավ ու անկարող էր գրիչ շարժել։
Արքան տեսավ նրա շփոթմունքը, ինչպես նաև Բաթ իշխանին
համակած զուսպ զարմանքը։ Ոչ ոք, սակայն, չփորձեց
սթափության կոչել նրան։
«Եվ ահա ես՝ թագավորն հայոց, նաև վճռեցի եկեղեցուն
պատկանող ամեն յոթ բաժին հողից հինգը ետ վերցնել
արքունիք և հատկացնել զինվորագրվել կամեցողներին՝ որպես
ուտեստ։ Յուրաքանչյուր շենում թողնել երկու վանական, իսկ
նրանք, ովքեր սույն հրովարտակով կարգալույծ կդառնան,
զորակոչել բանակ։ Նույնը նաև հոգևորականների բոլոր այն
ազգականները, ովքեր առ այսօր ազատված էին
զինվորությունից»։
— Սա արդեն չհայտարարված պատերազմ է,— ասաց Բաթ
իշխանը մտահոգ։
— Այդպե՛ս է,— խոստովանեց արքան։ -Եվ այն ինքս չեմ սկսել։
Իսկ երբ Երեմիան, իր գործը կատարելով հեռացավ, արքան
մտախոհ դիմեց Բաթ իշխանին.
— Խորհել է պետք, թե ո՞վ կարող է մեզ օգտակար լինել, և ո՞ւմ
կարող ենք ապավինել։
Բաթ իշխանը հասկացավ նրա ակնարկը։
— Եթե հարմար գտնես, արքա՛, ես ի՛նքս կմեկնեմ,— ասաց
պատրաստակամ։
Գլուխ տասներեքերորդ