Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 106

Ճանաչելով նրա ձայնը ՝ վանքում գտնվողները փութացին կատարել հրամանը ։ Դեռ դարպասը լրիվությամբ չբացած ՝ արքան ներս անցավ թափով ու ոտնատակելով իր ճանապարհին պատահողներին ՝ կարգադրեց իսկույն ևեթ բակ հրավիրել բոլոր վանականներին ու սպասավորներին ։ Սուրը ձեռքին բակում ետ և առաջ անելով ՝ նա անվերջ հրամայում էր աճապարել ։ Ու երբ նրա հրամանը կատարված էր, նա մի հայացք ձգեց վանականներին, ապա կարգադրեց վանքում սպասավորելու թողնել ութ ավագներին, իսկ մնացյալին, որ կլինեին քառասունի չափ, արքայագնդի մեկ տասնյակի ուղեկցությամբ ճամփեց Դվինի զորանոց ՝ բանակին զինվորագրվելու ։ Հետո թիկնագնդի հետ նա գնաց քաղաքի մյուս բոլոր վանքերը ու վարվեց նույն կերպ ։ Ապա դուրս գալով պարիսպներից ՝ դիմեց դեպի մոտակա մենաստանը ։ Այնտեղ բոլոր նրանց, ովքեր պիտանի էին ծառայության, ուղարկեց Դվինի զորանոց և մենաստանի երեսուն սպասավորներից թողեց վեցին ։ Այս անելուց հետո արքայագունդը բաժանեց հիսունյակների և ուղարկեց մերձակա գավառները ՝ բոլոր մենաստանները ցրելու, իջևանատները փակելու պահանջով ։
Երբ զորաջոկատները ճանապարհ ընկան, ու արքան էլ նկատելիորեն մեղմվել էր արդեն, Բաթ իշխանը նրան ասաց, թե հարկավոր է պատրաստ լինել եկեղեցու դիմակայությանը ։
— Նրանց քայլերը կանխատեսելի են, իշխա ՛ ն,— պատասխանեց արքան ։— Նրանք գիտեն, որ ես այս պահին չեմ կարող դեմ գնալ Տարսոնում նստած իրենց տերերին, քանի որ հռոմեացիք նաև իմ թիկունքին են կանգնած և պաշտպանում են իմ տոհմը սասաններից ։ Եվ բողոքելու են կայսերը, գիտեմ ։ Բայց ես չէի կարող հարվածին չպատասխանել հարվածով ։ Դա իմ մահը կլիներ ։ Եվ հետո ուշ է արդեն, Բա ՛ թ ։ Ու լինելու է այն, ինչ Հայր Մարդպետն էր խնդրում ինձ ։
Բաթ իշխանն արքային ուղեկցեց պալատ ։ Տեղ հասնելուն պես արքան կարգադրեց կանչել իր մոտ Երեմիային ։