Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 105
Նրա կանչն արձագանքվեց պալատում հարյուր անգամ, մի
քանի զինվորներ դուրս նետվեցին հարակից սենյակներից՝
հընթացս հագնելով սաղավարտները և ամրացնելով սրերը։
Նա հասավ առաջնահարկ իջնող աստիճաններին և մեծ
ցատկերով. ասես հապաղումը կործանարար կլիներ, վազեց
առաջ։
Շնչակտուր զինվորներ էին միանում նրան, մյուսներն իրար
անցած անկանոն ձայնում էին միմյանց, դուրս հորդում բոլոր
ելքերից, ու երբ արքան հայտնվեց պալատի բակում, երեք
հարյուրյակ արդեն նրան էին սպասում։
Զինվորների զգաստ շարքերի տեսքը փոքր-ինչ մեղմեց արքայի
զայրույթը, և նա չնախատեց նրանց, այլ ձեռքը պարզելով
ցածում տարածված քաղաքի ուղղությամբ՝ հրամայեց.
— Մենաստաններն ազատե՛ք բոլոր ձրիակերներից, փակե՛ք
անկելանոցները, վանքերի բոլոր սպասավորներին ու
վանականներին բանակ զինվորագրե՛ք։ Եվ չսպասելով, որ Գնել
իշխանը,— իսկ նա օրեր առաջ էր վերադարձել
Ատրպատականից,— հրահանգի հարյուրապետերին կատարել
իր հրամանը՝ առաջին շարքի մի զինվորից խլեց սուրն ու գլխից
վեր պահած՝ միջնաբերդից արագ քայլերով իջավ դեպի քաղաք։
Տարակույսին տրված թիկնագունդն անխոս հետևեց նրան։
Ճանապարհը, որով անցնում էին, երկու կողմից եզերված էր
երկհարկ տներով։ Հատուկենտ անցորդներ էին պատահում, որ,
տեսնելով զինվորների հետ շտապող արքային, ուղեկցում էին
նրան զարմացած հայացքով։
Հասնելով Գրիգորիսի տաճարին՝ արքան սրի կոթով փութկոտ
բախեց դարպասը։
Ներսից ուշացած արձագանք եղավ։
— Բացե՛ք դարպասները,— կանչեց,— արքայական հրամանով՝
բացե՛ք դարպասները։