Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 104

— Բայց, արքա՛,— Բաթ իշխանն անհանգստացավ՝ հասկանալով, թե ուր է տանում արքային մտքերի ընթացքը,— դեռ վաղ է հետևություն անելը։ Հայր Մարդպետի մարդիկ որոնում են մարդասպանին. գուցե թե հաջողվի՞ բռնել նրան։ Այդժամ ամենը պարզ կդառնա։ Սպասենք մի քանի օր։ — Անակի ոճն է, Բա՛թ,— արքան չէր հանդարտվում. նա ելավ գահավորակից ու անհանգիստ շարժումներով պատից պատ էր քայլում,— սիրաշահել մարդուն, թմրեցնել, ապա դավել ու սպանել թիկունքից։ Չէ՜, սա վերջն է, սա վե՛րջն է։ Այդ հարվածն ինձ է ուղղված, և ես անկարող եմ չհակադարձել։ Նրանք մի նպատակ ունեն. երկիրը նվեր տալ օտարին։ Ու ես թույլ չեմ տա դա, Բա՛թ. իմ նախնիների նզովքը կսպանի ինձ։ Դա չի լինի, եթե անգամ կյանքս արժենա։ Հայր Մարդպետն ինձ անընդհատ զգուշացնում էր, իսկ ես միամտաբար կարծում էի, թե դա նրա բռնկուն բնավորության արդյունք է։ Արքան ափերով փակեց դեմքն ու անշարժացավ, և Բաթ իշխանին թվաց, թե խոնջություն է համակում նրան։ Կամեցավ դուրս գալ ննջարանից ու մենակ թողնել նրան իր մտքերի հետ, բայց այդ պահին արքան դարձավ դեպի Բաթ իշխանը, և զորապետն ատելության հեղեղ տեսավ նրա աչքերում։ — Դուք պատասխան կտա՛ք հարյուրապատիկ,— հաջորդ ակնթարթին գոչեց արքան զարհուրելիորեն, որից կանթեղների բոցերը երերացին, ապա դռները ջարդելով՝ դուրս ելավ ննջարանից։ Ամենը կատարվեց այնքան արագ, որ Բաթ իշխանը չհասցրեց որևէ կերպ կաշկանդել նրան։ — Արքայագո՛ւնդ, ինձ մո՛տ,— կանչեց Պապը ողջ ձայնով և սուրաց երկար միջանցքով, ուր քիչ մնաց ոտնատակեր երկաթյա մատուցարան բռնած մի սպասավորի։— ո՞ւ ր եք, իժի՛ ծնունդներ։