Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 103

Ննջարանում լարված լռություն հաստատվեց, և արքան կանգնած էր այդ լռության մեջ անշարժ որպես արձան ։ Հետո նույն արձանային դանդաղությամբ նա շրջվեց դեպի Բաթ իշխանը և արնագունած աչքերով նայեց նրան ։ Ապա փլվեց գահավորակին, դեմքն առավ ափերի մեջ և ցնցվում էր տենդահարի նման ։
Անզորության արցունքներ էին հոսում նրա աչքերից ։ Հետո նա մի քանի րոպե վշտահար նայեց հատակին անհասցե հայացքով, ապա գլուխը բարձրացրեց ու արտաբերեց խուլ մի ձայնով, որն ասես գալիս էր երկրի խորքերից.
— Այդ ինչպե ՞ ս է եղել, ո ՞ վ է սպանել նրան ։
— Սպանողն անհայտ է, արքա ՛,— զեկուցեց Բաթ իշխանը ։— Հայր Մարդպետը պաշտոնի բերումով այցելել էր Աշտիշատ ՝ կաթողիկոսին տեսության ։ Ետդարձին ՝ Աշտիշատից կես օրվա ճանապարհի վրա, սպանվել է հեռվից արձակված նետից ։ Նախարարի զինվորները հետապնդել են մարդասպանին, բայց նա կորել է անտառում ։ Նրան դեռ որոնում են ։
— Ասում ես ՝ վերադառնո ՞ ւմ էր Աշտիշատից,— բարձրաձայն խորհեց արքան, խիստ մտածկոտ դեմք ընդունելով,— կես օրվա ճանապարհ հեռո ՞ ւ ։
Մտքերով տարված, նա մի պահ նայեց անորոշ հեռուն, ապա հայացքը դանդաղ բերեց դեպի Բաթ իշխանը ։
— Նրանք գրոհում են, Բա ՛ թ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Տրդատ արքայի օրոք ։
— Բայց մենք չգիտենք, արքա ՛, թե ո ՞ վ է դա արել,— Բաթ իշխանը փորձեց հանգստացնել թագավորին ։— Գուցե թե անձնական մի չարակա ՞ մ է. նա երբեմն խիստ էր լինում իշխանների հետ ։
— Մի ՞ թե նա այնքան խիստ էր, որ անձնական նեղսրտությունը սպանության տաներ, Բա ՛ թ,— չհամաձայնեց արքան ։— Չէ ՜, սա սովորական վրեժ չէ ։ Շահաբը ճիշտ էր. կա ՛ մ իրենք, կա ՛ մ ես ։