Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 102
— Արքա՛, ես ընդամենը նրանց ասել եմ, թե ով են իրենք
իրականում։ Եվ ուրիշ ոչինչ։
Արքան զվարթ մի հայացքով նայեց նրան, ափով շոյեց նրա ուսն
ու ասաց մտերմաբար.
— Չգիտեմ, թե ինչ կանեի առանց քեզ։
Գլուխ տասներկուերորդ
Առավոտ կանուխ տղամարդու բողոքող ձայն լսվեց
նախասենյակից, ապա դուռը բախեցին, սկզբում՝ զգույշ, հետո՝
ավելի համարձակ։ Եվ հրավերի չսպասելով՝ արքայի ննջարան
սողոսկեց քնաթաթախ մի սպասավոր՝ լուր բերելով, թե Բաթ
իշխանը, խիստ տագնապած, ուզում է տեսնել իրեն։
— Նե՛րս հրավիրիր,— կարգադրեց արքան ու ելավ անկողնուց։
Բաթ իշխանը ներս մտավ ու վարժ շարժումով գլխից առավ
փետրափնջերով զարդարուն սաղավարտը։
Նա գունատ էր ու այլայլված, և արքան տառապանքի մլար
տեսավ նրա աչքերում։ Եվ պատրաստվեց դառը լուր լսելուն։
— Հայր Մարդպետը սպանված է, արքա՛,— ասաց Բաթ
իշխանը՝ հազիվ զսպելով արցունքները։
Սարսուռի հողմ անցավ արքայի դեմքի վրայով, լսածից
ապշահար՝ նա մի պահ քարացավ տեղում, ապա ճչաց այնպես
ուժգին, ասես խոցեցին իրեն դաշույնով.
— Չի կարող պատահել. Բա՛թ, դու այդ ի՞նչ ես ասում...։
Զորապետը գլխահակ կանգնած էր նրա առջև՝ որպես
հավաստում իր բերած լուրի։
Արքան ատելությունից կծոտում էր շրթունքները, նրա ռունգերը
պայթել էին ուզում, դեմքը պատվում էր սառը քրտինքի ցողով։
Հանկարծ նա անկառավարելի շարժումներով շուռ տվեց
միոտանի սեղանիկը, ապա, գորգազարդ պատից պոկելով մի
սուր, մոլեգնությամբ նետեց այն դեպի դուռը, որ խրվեց
դրվագազարդերի մեջ։