Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 11

Բաթ իշխանը կանգնեց սեղանի մոտ։ Երեմիան թողեց գրառում անելն ու նույնպես մոտ եկավ։ — Ահա ի՛նչ եմ առաջարկում, տիարք. պարսիկներին մենք կդիմավորենք այստեղ,— արքան ցուցամատը դրեց Ձիրավի դաշտի պատկերի վրա։— Մի կողմից գետը, մյուս կողմից լեռները կկաշկանդեն նրանց լայն ճակատ կազմել։ Բաթ իշխանն ու Երեմիան ուշադիր նայեցին քարտեզին։ — Մենք տասն օրից այնտեղ պիտի լինենք՝ լիակազմ։ — Բայց, արքա՛,— ասաց Բաթ իշխանը տարակուսած,— նախարարներից ու իշխաններից դու տասնհինգ օր պահանջեցիր։ — Նրանցից շատերին ես լավ չեմ ճանաչում ու հայտնի չէ՝ ով ո՞ր չափով է վստահելի։ Հատկապես հարավային երկրների նախարարները։ Եթե նրանց մեջ անգաղտնապահ կա, ապա թող Շապուհին ա՛յդ լուրը հասնի։ Իսկ ես երկու-երեք օրից շտապեցնող սուրհանդակներ կուղարկեմ ամենքին՝ խառնելու համար Շապուհի հաշիվները։ Պապը նորեն խոնարհվեց քարտեզի վրա։ — Շապուհը հիմա Ատրպատականում է, ահա այստեղ՝ իր պալատական դրանիկներով։ Իսկ մնացած զորագնդերը գալիս են մեր դեմ։ Նրանք հիմա պիտի որ միջնաշխարհում լինեն։ Սովորական ռազմերթով Ձիրավի դաշտ կհասնեն տասն օրից։ Հենց այստեղ էլ նույն օրը մենք մարտի կկանչենք նրանց՝ չթողնելով հանգիստ տալ զորքին։ Մենք ճամբար կդնենք գետի այս ափին. եղեգները կօգնեն մեզ ջոկատներ քողարկել այնտեղ. մեր զորքի թվացյալ փոքրաթիվությունը կխրախուսի նրանց և նրանք շուտափույթ հաղթանակի հույսով կընդունեն մարտի հրավերը։ Դաշտը նեղ կլինի նրանց համար, ու կդժվարանան դասավորել փղերին, որ երեք վաշտ է, հետևակին, որ քառասուն հազար նիզակ է, հեծելազորին, որ տասնհինգ հազար են։ Հապա աղվանների Ուռնայր թագավո՞րը, լեկերի