Արծրուն Պեպանյանի գրքեր Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ | Page 10
— Այո՛. Արամազդին խնդրել եմ տալ ինձ նրա կամքն ու
համառությունը, որ ուներ մինչ կրոնափոխությունը։
Բաթ իշխանը կարկամել էր լսածից։
— Դու կարծում ես, որ ես... այսինքն... ինձ հետ պատահե՞լ է
այն, ինչի հնարավորության մասին խոսում են թափառող
վհուկները...,— արտաբերեց արքան ոչ այնքան երկյուղած,
որքան ապշահար։ Եվ ապա շարունակեց խոստովանանքի
նման.— Գիտե՞ս, Բա՛թ, գիշերը անհանգիստ էի։ Սկզբում
կարծում էի, թե ճամփորդության բերած հոգնություն է, բայց
ինձ հետ այլ, անբացատրելի բաներ էին կատարվում նաև...
— Երազնե՞ր էին այցի գալիս։
— Ո՛չ, տեսիլներ. ես արթուն էի։ Կամ էլ կիսարթուն.
դժվարանում եմ հիմա ասել։ Ես դրանք հիշել չեմ կարողացել,
բայց անիրական երևույթների մասին էին։ Ու եթե Անդոք
իշխանն ինչ-որ բան նկատում է, ապա կնշանակի, որ...,—
արքան չշարունակեց խոսքը և ափով դեմքն էր տրորում։ Հետո,
կարևոր դիպված հիշած մարդու ոգևորությամբ ասաց.
— Գիտես ի՞նչն էր տարօրինակ, Բա՛թ. Գառնիի խև Շահաբին
հիշո՞ւմ ես. նա, որ անկարող է խոսել։ Հայոց դիցերին դիմելուց
հետո նրա պատկերն է շարունակ այցի գալիս ինձ։ Մի
արտառոց հայացքով է նայում ինձ, ասես խև չի բնավ և կարծես
թե հայացքով ինչ-որ բան է ուզում հասկացնել ինձ։
Արքան վարից նայեց ռազմազգեստի մեջ առնված զորապետին։
— Բա՛թ, ինձ հետ իսկապես տարօրինակ բաներ են
կատարվում, որոնց մասին չգիտեմ՝ ո՞ւմ խորհուրդ հարցնել։
Բաթ իշխանի դեմքը կնճռոտվել էր մտածմունքից. նա արքային
օգտակար լինելու հնար էր որոնում։
Արքան երկար մնաց անխոս, ապա ցնցեց իրեն, ասես
հեռացնելու համար իրենից տարօրինակ մտքերը։ Հետո
խոնարհվեց քարտեզի վրա։
— Մո՛տ եկ,— հրավիրեց։