Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | 页面 98

Ահա այսպիսին էր վիճակը սենատում, երբ այնտեղ հայտնվեց Գայոս Կեսարը ։ Նրա համարձակ ելույթները սկզբում ընկալվեցին որպես զավեշտ մի բան, բայց երբ նա ժողովրդական ժողովում ընտրվեց էդիլի պաշտոնում և քաղաքի պահնորդությունը սկսեց ենթարկվել նրան, և երբ զգացին, որ Կրասոսը, Պոլիոնը, Կատիլինան, Լենտուլոսը և այլոք անխտիր պաշտպանում են նրա բոլոր առաջարկություններն ու գործողությունները, առավել խորաթափանց հայրերը տեսան այն ուժը, որին սպասել էին ամիսներ շարունակ ։ Եվ սենատորների մի մեծ խումբ աստիճանաբար հարեց պոպուլյարներին ։ Ճամբարից ճամբար այս անցումը կատարվում էր այնպես աննկատ ու գաղտնի, որ սենատորներից շատերը նույնիսկ չէին ճանաչում յուրայիններին ։
Երկրորդ կուսակցության գոյության մասին Ֆակտիոն առաջին պատկերացումն ունեցավ սեպտեմբերին, երբ հողային օրինագծով հանդես եկած ժողովրդական տրիբուն Լաբիենոսին պաշտպանեցին հարյուրից ավելի սենատորներ, մինչդեռ նա առաջարկում էր հատուկ հանձնաժողով կազմել Կեսարի և Կրասոսի գլխավորությամբ, որը հողհատկացումներ կաներ վետերաններին և չքավորներին ։ Ֆակտիոի համար գաղտնիք չէր, որ վետերանները սոսկ պատրվակ են, և այդ կերպ ցանկանում են իրենից խլել Կամպանիական դաշտին տիրելու մենաշնորհը ։ Բայց ընդդիմադիրներին առաջվա պես հալածել չէր կարող, քանի որ պահնորդությունն անհուսալի ձեռքերում էր, և հետո հայտնի չէր, թե այդ ամենն ինչպես կընդուներ Պոմպեոսը, որ տնօրինում էր բանակի մեկ երրորդին ։
Թեև սենատը Լաբիենոսի ծրագիրը մերժեց, այնուամենայնիվ, Կատոնի խորհրդով Ահենոբարբը մեկնեց Տուսկուլում ՝ քաղաքին մոտեցնելու Յոթերորդ լեգեոնը ։ Բայց զինվորները տեղեկանալով, որ իրենց տանում են Կեսարի և Կրասոսի դեմ, որոնք ցանկանում էին հող բաժանել իրենց հարազատներին, չենթարկվեցին լեգատին և Ահենոբարբին վռնդեցին ճամբարից ՝ ծաղրելով նրան վերջին խոսքերով ։
Կեսարը նոր էր վերադարձել բաղնիքից և սովորականի նման տարվել ընթերցանությամբ, երբ տաբիլինում խուժած Ափրոկլեսը հայտնեց, թե եկել է սևամորթ մի ստրուկ, որը ոչ մի կերպ չի կամենում ասել իր ով լինելը և համառորեն պահանջում է տեսնվել էդիլի հետ ։ Ազատարձակի վախվորած տեսքից և լայն բացված աչքերից դժվար չէր կռահել, որ եկվորը աժդահայի մեկն է ։ Եվ իսկապես, երբ Գայոսը կարգադրեց ներս հրավիրել նրան, տաբիլինում մտավ խոշորամարմին, կպրագույն մի արարած, և սենյակի լույսն աղոտացավ ։ Խափշիկն ուսերին գցել էր կնգուղավոր թիկնոց, հավանաբար ոչ այնքան անձրևից պաշտպանվելու, որքան դեմքը ծածկելու համար ։ Երբ մնացին երկուսով, նա արձակեց կնգուղը, և սափրված մարմնի համեմատ ծիծաղելիորեն փոքր գլուխը փայլեց կանթեղների լույսից ։
Նա ներկայացավ որպես Սեսիլիայի բանբեր, և Կեսարը հիշեց, որ նրան տեսել է Կրասոսների մոտ ։ Հետո ստրուկն էդիլին պարզեց մի գրություն և, հեռանալով, գերան բազուկները կրծքին խաչած, կանգնեց դռների մոտ որպես սևագույն ատլանտ ։
Կեսարը մագաղաթը պահեց ջահի դեմ, և տառերի ոսկեփոշին շողարձակեց ծիրանե ցոլքերով ։ Նա կարդաց առաջին բառերն, ու կոկորդը սեղմվեց հանկարծահաս դողից, զգաց, որ շունչը հիմա կկտրվի, և սիրտը դուրս կթռչի կրծքից ։
« Իմ հոգու մխիթարություն և իմ միակ մտահոգություն,— գրված էր կանացի համաչափ ձեռագրով ։ Այսպիսի տողեր ես ոչ մեկին չեմ գրել և չեմ հասկանում ՝ ինչ է