Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Seite 96

վանդակապատ փոքրիկ լուսամուտների ետևից մարդկային տանջահար դեմքեր էին երևում։ Ներս մտնելով՝ պատրիկները հայտնվեցին հողեհատակ մի խցում, ուր կառուցվելու օրից արև չէր թափանցել։ Խոնավությունից բորբոսնած հատակին տղամարդու արնաշաղախ մարմինն էր ընկած, որը եթե մերթ ընդ մերթ չցնցվեր ցավի գալարումներից, կարելի էր կարծել, թե մեռած է։ Պուբլիոսը ոտքով շրջեց ստրուկի գլուխը, և որքան էլ նրա դեմքը կապտած էր ու ծածկված լերդացած արյունով, Գայոսը ճանաչեց գինի մատուցող սպասավորին։ — Բայց չէ՞ որ նրան չի հաջողվել տեսնվել պրետորների հետ,— գրեթե միաժամանակ հարցրին հյուրերը՝ ինչ-որ բան չհասկանալով։ Իսկ Պուբլիոսը բացատրեց. — Երբ գիշերապահները բռնեցին սրան, հայրս, ինչ-որ բան կասկածելով, ոտքի հանեց ողջ Ֆամիլիան, և պարզվեց, որ ախոռապանն անհետացել է։ Այս անասունը նրան էլ է տեղյակ պահել և գործել են միասին։— Պուբլիոսը հարվածեց պառկածի կողին, որից ստրուկի մարմինը ցնցվեց, դեմքը ջղաձգվեց և արյունոտ շուրթերն անհասկանալի ինչ-որ բառեր մրմնջացին. — Ողջ-ողջ այրել է պետք այսպիսիներին, բոլորի ներկայությամբ, որ դաս լինի մյուսներին,— ատամների տակից նետեց Կեսարը. նա ամբողջ ուժով կհարվածեր ստրուկին, եթե չերկյուղեր արյունոտել սիկիոնե ճերմակ կոշիկները։ — Հայրս իր մարդկանցով անմիջապես փակեց կենտրոն տանող բոլոր ուղիները,― շարունակեց Պուբլիոսը,— բայց փախստակին բռնել առայժմ չի հաջողվել։ Նա հավանաբար թաքնվել է։ — Իսկ եթե տեսնվե՞լ է պրետորների հետ,— անհանգստացավ Ռուֆիոնը։ — Ոչինչ ապացուցել չեն կարող,— ձեռքը թափ տվեց Կատիլինան՝ քայլելով դեպի ելքը. էրգաստուլի գաղջ օդը խեղդում էր նրան։— Ինչ-որ մի ստրուկ դավադրության լուր է բերել։ Հետո ի՞նչ։ Չէ՞ որ չկա այն՝ դավադրությունը։ Դուրս գալով փողոց՝ նրանք մի պահ մոլորված կանգնեցին դարպասների մոտ, ապա գլխիկոր ու անտրամադիր քայլեցին Տուլլիոսի պարսպի ուղղությամբ։ Կապիտոլիումից զվարթ երաժշտության ձայներ էին լսվում. զոհաբերությունն ավարտվել էր։ Սուբլիկոնի կամուրջն անցնելով՝ Կատիլինան զգաց, որ Կեսարը ետ է մնացել։ Շրջվելով նա քվեստորին տեսավ բրոնզե ճաղերին հենված, որ մտախոհ նայում էր Տիբերի ջրերին։ — Մի՛ հուսահատվիր,— ասաց Սերգիուսը, մոտենալով նրան։— Ամեն ինչ կորած չէ դեռ։ Կեսարը չարձագանքեց։ — Իմ մարդիկ Էտրուրիայում զինվորներ են հավաքագրում, ա՛յ, երբ երկու լեգեոն կունենամ... Կեսարն անհույս նայեց մերթ նրան, մերթ հեռվում կանգնած Ռուֆիոնին և արտաբերեց դառնաձայն.