Արծրուն Պեպանյանի գրքեր Հուլիոս Կեսար | Page 95

— Գրողի ծոցը կորավ ամիսների տառապանքը,— Կատիլինան վերադարձավ խիստ դառնացած ։— Կրասոսների տնից գիշերը ստրուկ է փախել և վտանգ կա, որ լուր հասցրած լինի պրետորներին ։
Հոգեմորմոք կասկած համակեց նրանց, շուրջը նայեցին, և նրանց թվաց, թե ամենքը տեղյակ են իրենց ծրագրերին, թե տաճարի վիգիլներն աչալուրջ հետևում են իրենց ամեն շարժումին ՝ պատրաստ խափանելու ոտնձգության յուրաքանչյուր փորձ ։
― Ինչո ՞ ւ է Ֆորտունան միշտ երես թեքում ինձանից,― արտաբերեց Կատիլինան ՝ ծանր հոգոց հանելով ։
Կեսարի դեմքը վայրենի բարկության և սպառնալիքի արտահայտություն էր ստացել, նա դառնությամբ թքեց գետնին ։
Կոնսուլները մտնում էին հրապարակ ։
― Հեռանանք այստեղից,― Կատիլինան քաշեց քվեստորի թևից, որն արձանացել էր ՝ դաշույնը ձեռքին, տանել չեմ կարող թշնամուս ցնծությունը ։
Նրանք Լենտուլոսին խնդրեցին զգուշացնել բոլորին և տխուր֊տրտում իջան քաղաք ։ Հուստիլիանոսի տաճարի մոտ դավադիրներից միայն Ռուֆիոնն էր մնացել ։ Երեքով ուղղվեցին դեպի Կրասոսների ինսուլան ։ Փոքր Դաշտ գնացող աղքատ պլեբեյներ էին երևում փողոցներում, մեծ տոպրակներ էին կախված նրանց ուսերից ։ Նրանք երկյուղածությամբ շրջապատեցին շքեղորեն հագնված պատրիկներին և անձայն ուղեկցեցին նրանց ։
Անսովոր մռայլություն էր տիրում Կրասոսների ինսուլայում, ամեն ինչ տակնուվրա էր արված այնպես փութաջանորեն, ասես այստեղով բարբարոսների բանակ էր անցել ։ Կրնկի վրա բաց էին բոլոր դռներն ու լուսամուտները, ողջ ֆամիլիան ՝ ավելի քան հինգ հարյուր ստրուկ, հավաքվել էր պարսպի տակ. նրանց դեմքին վախ կար և միմյանց սեղմված, ջանում էին չընկնել աննպատակ դեսուդեն գնացող կրտսեր Կրասոսի ՝ Պուբլիոսի, ոտքերի տակ ։ Մտրուկներ էին արածում պարտեզի մեջ և ոչ ոք ուշք չէր դարձնում դրան, վախեցած փասիաններն ու սիրամարգերը թաքնվել էին մրտենու թփերի մեջ և ղուղունում էին անհանգիստ ։ Այն տպավորությունն էր ստացվում, որ ամենուր փնտրել են մեկին ։
Պատրիկների ժամանման լուրն առնելով ՝ Պուբլիոսն ընդառաջ գնաց և անվնաս գտնելով նրանց ՝ թեթևացած շունչ քաշեց ։
― Կարո ՞ ղ ենք տեսնել ցենզորին,― հարցրին հյուրերը միաբերան ։
Պուբլիոսը պատասխանեց, որ հայրը դուրս է եկել լուսաբացից առաջ և հայտնի չէ ՝ ուր է հիմա ։ Եվ հասկանալով պատրիկների այցի պատճառը ՝ նրանց խնդրեց հետևել իրեն ։
― Երեկ քո այցելության միջոցին, Կեսա ՛ ր, սպասավորներից մեկն ունկնդրել է գաղտնի և, օգտվելով այն բանից, որ հայրս, խիստ զբաղված լինելով, անուշադրության էր մատնել ֆամիլիան, առավոտյան փորձել է փախչել պրետորների մոտ ՝ հուսալով մատնությամբ պարգև ու ազատություն ստանալ ։
Շրջանցելով ընդարձակ պարտեզը ՝ նրանք հայտնվեցին տան ետնամասում, ուր գտնվում էր էրգաստուլը ։ Դա աղյուսե թզուկ կառույց էր ՝ կիսով չափ գետնի մեջ, որի