Զրուցելով ու հավաքվածներին աչքի տակով զննելով ՝ Կեսարն ու Կատիլինան մոտեցան հրապարակի եզրաբազրիքին, որտեղից քաղաքը երևում էր, ինչպես ափի մեջ ։
Ցեպիոնի խմբի հետ նրանք վերացնելու էին արձանը հսկող վիգիլներին, Լենտուլոսն իր մարդկանցով փակելու էր ժեմոնիները, կոնսուլների սպանությունը հանձնարարված էր Սուլլային, Կրասոսն ու Ռուֆիոնը, որ սպասում էին ցածում, կոնսուլների մահվան լուրն առնելով, պիտի գրավեին Հուստիլիանոսի տաճարը, ուր այդ ժամին հավաքվելու էին սենատորները և հայրերին պարտադրելու էին Սուլլային և Լենտուլոսին ճանաչել կոնսուլ, իսկ Կրասոսին ՝ դիկտատոր ։
Սրբազան փողոցի վրա երկնժույգ կառքեր երևացին, որ հեծյալ պահախմբի ուղեկցությամբ հատելով ֆորումը ՝ Ֆուլվիոսի բազիլիկայից թեքվեցին դեպի Կապիտոլիում ։ Քվիրիտները բլրագագաթից տեսան, թե ինչպես կոնսուլներն իջան Հուստիլիանոսի տաճարի մոտ և իրենց սպասող նորընտիր պլետորների, էդիլների ու նրանց երկրպագուների ուղեկցությամբ ելան վեր ։ Կոնսուլների ժամանման լուրն առնելով ՝ Ֆուֆիդիան ելավ Աստվածահոր տաճարից ՝ շրջապատված ավագ քրմերի ու սպասավորների բազմությամբ ։ Մոլի հավատացյալները ծնկի եկան նրա առաջ և համբուրեցին գետին իջնող զգեստի քղանցքները ։ Շեփորների հնչյունների ներքո հիերոդուլները տաճարի ախոռատնից բերին երկու ցուլ, որոնց գերագույն քուրմը օծեց, իսկ սպասավորները զարդարեցին ճերմակ ու կարմիր ժապավեններով ։ Ժողովուրդը խտացավ դեպի զոհասեղանները ։ Բազմության կողմից հրմշտվելով դավադիրներն աննկատ մոտեցան վիգիլներին ։ Հետո ահռելի հրապարակը, ասես մոգական ինչ-որ ուժի ազդեցությամբ, միանգամից քարացավ. հետզհետե մոտեցող շեփորների կանչեր էին հասնում ժեմոնիներից. ծաղկեփնջեր բռնած պատանիներ ընդառաջ գնացին կոնսուլներին ։ Դավադիրների լարված հայացքները փնտրում էին միմյանց, հետո, պայմանական նշանի սպասումով, ամենքը նայեցին Սերգիուսի կողմը ։
Հանկարծ Կեսարը նկատեց երկու լիկտորի, որ տապարները բարձր պահած և անընդհատ իր կողմը նայելով, ասես կամենալով չկորցնել տեսադաշտից ՝ մոտենում էին ՝ համառորեն ճեղքելով բազմությունը ։ Նա գունատված շուրջը նայեց. ասես օգնություն էր ակնկալում աներևույթ ուժերից, ապա մեծագույն զայրույթով դաշույնը դուրս քաշեց տոգայի ծալքերից ։
— Նայի ՛ ր այն կողմ,— հրեց նա Կատիլինային ։
Սերգիուսին ևս համակեց կործանման սարսափը ։ Սեղմվելով Յուպիտերի արձանին ՝ նա ձեռքը սահեցրեց վերարկուի տակ և լարեց մարմինը ՝ պատրաստ խոցելու մոտեցողներին ։ Նրա աչքերում ատելություն էր շողում, ատամները կափկափում էին լսելի ։
— Ես հիմա նրանց...— Կեսարը հանկարծ մղվեց առաջ, բայց վերջին պահին Սերգիուսը պահեց նրան ՝ ասելով.
— Սպասի ՛ ր, կարծես ճանաչում եմ նրանց ։— Նա ձգվեց թաթերի վրա ։— Կրասոսի լիկտորներն են, դե, իհարկե, նրանք են ։ Երդվում եմ Երկնային դաշտերով, ուր թափառում են նախնիներիս հոգիները, վատ լուր են բերել մեզ ։
Կատիլինան ընդառաջ գնաց նրանց ։ Կեսարը հավաքվածների վրայից ուշադիր նայում էր մերթ Սերգիուսին, մերթ լիկտորներին ։